Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը կատարված փոփոխություններից հետո կուտակային կենսաթոշակների մասին օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին քառյակի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս հարցում համաձայնության եկանք և առաջիկայում այս հարցով կդիմենք Սահմանադրական դատարան և կվիճարկենք օրենքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռուստամյանը:
Նա ընդգծեց, որ քառյակի անդամ երկու ուժեր՝ «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը, նպատակահարմար չեն համարում այդ հարցով ՍԴ դիմելը, սակայն պաշտպանում են իրենց նախաձեռնությունը և կսատարեն դրան: «Նրանք նպատակահարմար չեն համարում Սահմանադրական դատարան դիմելը, սակայն համաձայնեցին միանալ մեր նախաձեռնությանը: Նրանք բոլոր հարցերում կաջակցեն մեզ»,- ասաց Ռուստամյանը:
Հարցին, թե եթե ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը, նպատակահարմար չհամարելով ՍԴ դիմելը, միանում են իրենց, ինչո՞ւ այդ դեպքում իրենք սահմանադրական բարեփոխումների հարցով համաձայնության չեն գալիս մնացած ուժերի հետ, Արմեն Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Նույն հարցը կարող եք մյուս երեք ուժերին տալ: Ինչո՞ւ նրանք չեն ցանկանում այս հարցում պաշտպանել մեր տեսակետը: Այստեղ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր տեսակետը, և յուրաքանչյուրը պետք է հարգի մյուսի տեսակետը: Իսկ ես մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ մենք սահմանադրական բարեփոխումներին ինքնանպատակ չենք կողմ: Մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին, որոնք կհանգեցնեն կառավարման համակարգի փոփոխության, անցմանը դեպի խորհրդարանական կառավարման համակարգին»,- ասաց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ մնացած հարցերում իրենք քառյակի հետ համաձայնության եկել են և չափազանցված են խոսակցություններն այն մասին, որ քառյակը կարող է եռյակ դառնալ: