Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին ողջունել է ԱՄՆ-ի և արաբական դաշնակից երկրների համագործակցությունը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա նշել է CNN-ին տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ի նախաձեռնության շնորհիվ ԻԼԻՊ-ի դեմ արշավը կհանգեցնի խմբավորման ոչնչացմանը:
«Ես անձամբ շատ ուրախ եմ, որ յուրաքանչյուր ոք տեսնում է այդ սպառնալիքը, և ինչ-որ քայլեր են ձեռնարկվում»,- հայտարարել է ալ Աբադին: Նա նաև նշել է, որ չէր ցանկանա ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո տեսներ մեկ այլ ծայրահեղական խմբավորում: Նա ավելացրել է, որ Իրաքը վաղուց էր զգուշացրել սպառնալիքի մասին, սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձրել:
Վարչապետը նաև անդրադարձել է այն հարցին, որ Իրաքի ղեկավարութունը աշխատանքներ է տանում ավելի ներկայացուցչական կառավարության կազմավորման ուղղությամբ, որի կազմում կընդգրկվեն ինչպես շիաներ, այնպես էլ սունիներ: Նրա խոսքով' բոլորը պետք է աշխատեն միասին և փոխադարձ զիջումների գնան:
Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել է ԻԼԻՊ-ի հարձակումից հետո, որի հետևանքով երկրի մեկ երրորդը հայտնվել է խմբավորման հսկողության տակ: