ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժիչ ցուցակում 16 մարդ է ներառել ահաբեկչական տարբեր խմբավորումների նրանց մասնակցության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է կազմակերպության կայքում զետեղված փաստաթղթում:

 

Դրա համաձայն՝ ցուցակում հայտնվել են Քուվեյթի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Սենեգալի, Սիրիայի և Թունիսի քաղաքացիներ: Նրանց մեղադրում են Աֆղանստանի, Սիրիայի, Թունիսի, Եմենի և Իրաքի տարածքում գործող իսլամիստական տարբեր խմբավորումների աջակցելու մեջ: Պատժամիջոցների ենթարկված քաղաքացիների թվում կան զինյալներ, ինչպես նաև ահաբեկիչների հավաքագրմամբ և ֆինանսավորմամբ զբաղվող անձինք:

 

Ցուցակում ներառված անձանց արգելված է ճանապարհորդել աշխարհում և զբաղվել զենքի մատակարարմամբ: Նաև սառեցվելու են նրանց հաշիվները: Փաստաթղթում նշված քաղաքացիների մեծամասնությունը «Ալ Քաիդա» և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների անդամներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: