Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ իրաքյան ուժերը հոկտեմբերի 17-ին լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել և պատրաստ են իրենց վերահսկողության տակ առնել Թիրքիթ քաղաքի հյուսիսային շրջանները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սալահ ադ Դին մարզից ստացված տեղեկությունների համաձայն՝ սկսվել է Թիրքիթի շրջանի ազատագրումը , որին իրաքյան ուժերի հետ մասնակցում են օդային ուժերը, ինչպես նաև ամերիկյան օդանավերը: Այժմ ազատագրվում է Համրա շրջանը:

 

Իրաքի ռազմական աղբյուրների համաձայն՝ իրաքյան ուժերն արդեն ազատագրել են Սակուր, Համադ Շահաբ, Մահզամ գյուղերը և շարունակում են առաջ ընթանալ Բայջիի ուղղությամբ, որը գտնվում է Թիրքիթի հյուսիսում: Բանակը դանդաղ է առաջ ընթանում, քանի որ ճանապարհին բազմաթիվ ականներ կան տեղադրված:

 

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հոկտեմբերի 16-ին նշել է, որ ԻՊ-ն և նրա դաշնակից խմբավորումները հարվածներ են ստանում թե’ իրաքյան բանակից, թե’ ազգային կամավորական ջոկատներից:

 

Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մի քանի ամսում հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել: Երկրի հսկայական տարածքներ շարունակում են մնալ ԻՊ-ի վերահսկողության տակ: Վերջին մի քանի օրերին Հիթ քաղաքն ամբողջությամբ հայտնվել է ահաբեկիչների ձեռքում: Մոտ 180 հազար բնակիչ ստիպված հեռացել են իրենց բնակավայրից: