ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի քաղաքականությունը համարել Է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ամերիկացիների անհանգստության երեք պատճառներից մեկը ի թիվս Էբոլա վիրուսի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ԱՎելի վաղ Օբամայի արած այդօրինակ հայտարարությունները խստիվ քննադատվել են Մոսկվայի կողմից:
«Մարդիկ անհանգստանում են: Նրանք անհանգստանում են երեք պատճառով»,- հայտարարել է Օբաման Չիկագոյում ունեցած նախընտրական ելույթի ընթացքում: Դրանից հետո ԱՄՆ-ի նախագահը հանգամանորեն կանգ է առել նախ «Իսլամական պետության» վրա, որի դեմ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ է վարում Սիրիայում եւ Իրաքում, այնուհետեւ Էբոլա տենդի համաճարակի վրա, որն արդեն լուրջ մտահոգության պատճառ է դարձել ամերիկյան հասարակության մեջ:
«Ուկրաինայի իրադրությունը եւ Ռուսաստանի ագրեսիան նույնպես անհանգստացնում է մարդկանց: Այնպես որ անհանգստություն կա արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ»,- հավելել է Օբաման: Դրանից հետո նա արծարծել է ԱՄՆ-ի ներքին հիմնախնդիրները՝ դանդաղ տնտեսական աճը, սոցիալական անհավասարությունը եւ գործազրկությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: