Թուրք գրող Սերքան Էնգինն իր պարտավորությունն է համարում Թուրքիայում բարձրաձայնել թուրքական պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին: Նրա համոզմամբ' ցեղասպանությունների մասին մարդկանց ավելի լայն շրջանակների իրազեկումը թույլ չի տա, որ մարդկության դեմ նման հացագործությունները կրկնություն ունենան:

 

«Ես խոսում եմ հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունների մասին, քանի որ դա պարտավորություն եմ համարում իմ խղճի առաջ: Որպես ազնիվ և պատվավոր մտավորական' սա էթիկական պարտավորություն է ինձ համար: Սա իմ պարտքն ու պարտավորությունն է նաև մարդկության առաջ: Ես ցանկանում եմ խոսել այս ցեղասպանությունների մասին, որոնք նախապատրաստվել են իմ թուրք նախնիների կողմից, քանի որ Թուրքիայում պետք է խոսել ճշմարտության մասին բարձրաձայն' ընդդեմ այսպես կոչված պաշտոնական պատմության:

 

Ես մի երեխա եմ, ով գոռում է. «Կայսրը մերկ է»: Ես անձս նվիրում ե մ ճշմարտությանը, որը կարող է ինձ համար կայնք ու ազատություն արժենալ»,- «Արմենպրես»-ին հայտնել է թուրք-լազ բանաստեղծը: Սերքան Էնգինը նշել է, որ հրաժարվում է հպարտանալ իր այն նախնիներով, ովքեր բռնաբարել են փոքրահասակ աղջիկներին, երեխաներին ողջ-ողջ այրել, ստրկացրել են կանանց և անողոք կերպով կոտորել միլիոնավոր անմեղ մարդկանց:

 

Նա մերժել է ամեն առավոտ դպրոցում աշակերտների կողմից հնչեցվող «Որքան ուրախ է նա, ով թուրք է» երդումը, կրթական համակարգերում սովորեցվող այն ռասիստական կարգախոսը, որում ասվում է. «Մի թուրք հավասար է մի ողջ աշխարհի»: «Ես չեմ ցանկանում իմ երկրում կամ որևէ այլ երկրում տեսնել որևէ ռասիստ երիտասարդի: Մենք պետք է ասենք մեր երեխաներին, որ աշխարհում մարդիկ հավասար են անկախ նրանց էթնիկ պատկանելությունից, լեզվից, կրոնից կամ սեռից»,- նշել է Սերքան Էնգինը: Նա ընդգծել է, որ կողմ է Թուրքիայում այնպիսի կրթական համակարգի, որտեղ կըդգծվի արվեստի, փիլիսոփայության ու գիտության կարևորությունը:

 

Գրողը հայտնել է, որ դեմ է ցանկացած ռազմական գործողության, իսկ իր միակ զենքն իր գրիչն ու սիրտն են: «Ես կանգնած եմ աշխարհի բոլոր ճնշված մարդկանց թիկունքում' որպես միջազգային սոցիալիստ պոետ և հեղինակ, և իմ առաքելությունն է լինել նրանց ձայնը: Ես փոքր երեխա եմ մեծ մարդու մարմնում, ով ցանկանում է մանկան պարզությամբ սիրել ողջ աշխարհը»,- եզրափակել է Սերքան Էնգինը: