ԱՊՀ-ի երկրները 2016 թվականին համատեղ հակաահաբեկչական զորավարժանքներ կանցկացնեն Բելառուսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:

 

 

«Հաջորդ տարի մենք մեծ զորավարժանքներ կանցկացնենք Բելառուսի տարածքում: Այժմ պատրաստում ենք նոր վարժանքների մեծ սցենարը: Կարծում եմ, որ այն կլինի բազմապլան, հետաքրքրական և որ ամենագլխավորն է, գործնական կիրառմամբ»,- ասել է Նովիկովը «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որը ցուցադրվել է հունիսի 28-ին:

 

 

Նա նշել է, որ գործնականում ամեն տարի զորավարժություններ են անցկացվում ԱՊՀ-ի պետությունների տարածքում, դրանցում ներգրավվում են Համագործակցության գործնականում բոլոր պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

 

 

«Մեր յուրաքանչյուր վարժանքի ժամանակ մենք մեր աշխատակիցներին սովորեցնում ենք վարել հակադիվերսիոն, հակաահաբեկչական գործունեություն, այդ թվում՝ սոցցանցերում»,- հավելել է կենտրոնի ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: