Իտալիայի երկու խոշորագույն քաղաքներ՝ Միլանը եւ Հռոմը, անձնական ավտոտրանսպորտի օգտագործման արգելք են սահմանում օդի աղտոտվածության չափազանց բարձր մակարդակի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Առաջիկա երեք օրերին Միլանն օրական վեց ժամ արգելել է քաղաքի փողոցներով ավտոմեքենաների, մոտոցիկլետների, մոտոռոլերների երթեւեկությունը:

 

Հռոմում դեկտեմբերի 28-ին ինը ժամվա ընթացքում արգելված էր կենտ համարանիշներով ավտոմեքենաների երթեւեկությունը, դեկտեմբերի 29-ին քաղաքը ժամանակավորապես կփակեն զույգ համարանիշներ ունեցող մեքենաների համար:

 

Փորձագետների խոսքով՝ անսովոր տաք ու չոր եղանակի պատճառով օդում վնասակար արտանետումները չեն կարողանում տարրալուծվել:

 

Հռոմում արգելքը չի տարածվում այն ավտոմեքենաների վրա, որոնք անվտանգ են ճանաչված շրջակա միջավայրի համար, օրինակ, հիբրիդային շարժիչով մեքենաների վրա: