Հարգելի´ մարտակերտցիներ, երկրապահնե´ր, սիրելի´ մայրեր, քույրեր,  եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորահավորում եմ բոլորիս Մարտակերտի ազատագրման 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Մեր ժողովրդին պարտադրված պատերազմում ամենադառը բաժինը հասավ Մարտակերտին: Բայց Մարտակերտը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, իր խիզախ որդիների կյանքի, առողջության ու հերոսականության շնորհիվ հաղթահարեց պատերազմի ողջ դժվարությունները եւ տեր կանգնեց իր հայրենիքին:

 

Եռասերունդ Երկրապահի անունից ողջունում եմ ձեզ, սիրելի´ մարտակերտցիներ:
Փա´ռք ձեզ, որ ապրում եք ձեր պապենական օջախներում, շենացնում այն ու տարածաշրջանը լցնում ձեր երեխաների ուրախությամբ: Երիցս փա´ռք, որ այս տարվա ապրիլյան ադրբեջանական սադրանքի ժամանակ եւս չերկնչեցիք, ամուր կանգնած մնացիք ձեր հողում' հասկացնելով շուն թուրքին, որ Մարտակերտը եղել է, կա ու հավերժ էլ հայկական է լինելու:

 

Երկրապահ հայ ժողովո´ւրդ, մեր պայքարը չի ավարտվել: Մարտակերտում կառուցվող ամեն մի տուն, մշակույթի ամեն մի օջախ, տեղադրվող ամեն մի խաչքար, ծնվող ամեն մի երեխա մեր պայքարի շարունակությունն են:

 

Մենք, 1994-ի գարնանը թշնամուն զինադադար պարտադրեցինք: Հիմա նա նորից է փորձում խանգարել մեր անդորրը:
Նրանց նենգ քայլերին մեր պատասխանը միասնությունն է: Մենք չենք կարող միասնական չլինել:

 

Երկրապահը, ինչպես Արցախյան գոյապայքարի առաջին օրերին, այնպես էլ հիմա, արցախցու հետ է, մարտակերտցու հետ է, երկրապահն Արցախում է, մենք երբեք էլ չենք հեռացել Արցախից:

 

Ես միշտ ասել եմ' Երեւանի պաշտպանությունը սկսվում է Մարտակերտի, Հադրութի մեր սահմանամերձ շրջաններից: Այս սահմանամերձ գյուղերն էլ հզոր են Երեւանով, այսինքն' հայ ժողովրդի միասնությամբ:

 

Ձեզ հետ են երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկներն ու նրանց գործը շարունակելու պատրաստ մեր հրաշալի երիտասարդ ու պատանի երկրապահները: Վստահեցնում եմ ձեզ, որ հիմա նոր սերունդ է աճում, մեզանից ավելի հայրենասեր, ավելի պատրաստակամ՝ պաշտպանելու սրբությունները' մորը, հայրենիքը, հավատքը: Մենք ամեն օր դրանում համոզվում ենք՝ զբաղվելով նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Այսօր սահմանին կանգնած է անկախության սերունդը, 1997-98-ին ծնված տղաները՝ հերոս տղաներ: Մենք լիարժեք հավատում եւ վստահում ենք այս երիտասարդությանը, հայոց բանակին:

 

Զինադադարից հետո մեր ուխտագնացությունը ՀՀ մարզեր, սահմանամերձ շրջաններ եւ Արցախ՝ դրա վառ ապացույցն են: Դրա անառարկելի ապացույցն էր երկրապահի վճռական մասնակցությունն այս տարվա ապրիլյան պատերազմին:

 

Ես հպարտ եմ, որ այսօր Մարտակերտի ժողովուրդը, ողջ Արցախի բնակչությունը, ապրելով այստեղ' երեխա են ծնում ու սնում, կրթում ու դաստիարակում, ցորեն են ցանում, շենացնում իրենց օջախները, սահման պահում ու պաշտպանում եւ հավերժացնում են մեր սուրբ նահատակների հիշատակը:

 

Փա´ռք մեր ժողովրդին:
Փա´ռք Մարտակերտի համար նահատակված մեր քաջորդիներին:
Աստված բոլորիս պահապան, սիրելի´ ժողովուրդ: Մեզ կամք եւ միասնություն:
Սիրով եւ խորին հարգանքներով՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան