Մենք կանգնած ենք գների հերթական բարձրացման շեմին. այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
«Այդ թանկացումները Հայաստանում ոչ թե ալիքներ են, այլ կրում են պերմանենտ բնույթ, այսինքն՝ անընդհատ թանկանում է: Այն, որ գազը թանկանալու է, արդեն հայտնի է, և որ դրան հետևելու է որոշ ծառայությունների գների թանկացումը, դա սպասելի է: Իսկ գազի թանկացումը 180 դոլարից կդառնա 240 դոլար ու իր հերթին կանդրադառնա էլեկտրաէներգիայի գնի վրա»,- ասաց նա և ընդգծեց, որ գազի թանկացումը կախված է միմիայն Կրեմլից:
Միաժամանակ նա հիշեցրեց Կառավարության արդեն իսկ կայացրած հարկային փոփոխությունները՝ ատամնաբուժական ծառայությունների, անշարժ գույքի ոլորտներում, որից ըստ նրա, տուժելու են միայն շարքային քաղաքացիները:
«Կան եղանակներ, որը կիրառվում է նախընտրական շրջանում՝ զսպվում է ալիքը, ընտրություններից հետո, հավանաբար, ապրիլից արդեն թանկացման նոր ալիք կսկսվի»,-շարունակեց նա:
Արմեն Պողոսյանը նշեց, որ իր մտածողությունը քաղաքական չէ, այլ սոցիալական և տնտեսական, ուստի նա չի կարծում, որ երկրի ղեկավարի փոփոխությունը կկանգնեցնի այս թանկացումների ալիքը:
«Ի՞նչ կլինի ընտրություններից հետո. 80 կամ ավելի մեծ տոկոսով գործող նախագահը կվերընտրվի: Բայց Կառավարությանը պետք է քննադատել միշտ, և բոլոր մեղքերը Կառավարության վրա բարդել: Ոչ թե, ասենք, հանենք Պետրոսին, բերենք Պողոսին, այլ որ ստիպենք, որ փոխի»,- ասաց նա և հավելեց, որ այսօր նրանց վարած գործունեությունը «կարկատանային» փոփոխություններ են:
«Այնքան ակնհայտ է, բոլորն էլ բողոքում են, բայց այդ բողոքը կազմակերպված ձև չի ստանում: Մեր խոհանոցներում բոլորն էլ այդ են ասում, բայց ոչ մի շարունակություն չի ստանում: Եթե ջուրը թանկանում է կամ գազը ո՞ւր է մեր ռեակցիան, ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս»,- զարմացավ նա:
Արմեն Պողոսյանը հավատացած է, որ մեր ռեսուրսը՝ էլեկտրաէներգիան, շատ է, և որ հարևաններն, ըստ նրա, խնդրում են:
«Եթե մենք մեր տանը մեր բարիքը չենք կարող օգտագործել. մետրո ունենք, էլեկտրաէներգիա ունենք, խելք ունենք, էլ ինչի՞ են դնում քննարկում այդ ամենը»,- որպես լուծում նշեց նա: