Թուրքիայի պետական խորհուրդը հաստատել է արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի Թուրքիայի քաղաքացու անձնագիրը չեղյալ հայտարարելու մասին Էրզրումի նահանգապետարանի որոշումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Ուշագրավ է, որ թեեւ Էրզրումի դատարանը չեղյալ էր համարել Գյուլենին Թուրքիայի քաղաքացիությունից զրկելու մասին Էրզրումի նահանգապետարանի որոշումը, սակայն, Պետխորհուրդը ձայների մեծամասնությամբ անվավեր է համարել դատարանի ընդունած որոշումը:

 

Էրզրումի դատարանը Գյուլենի 1990 թվականի նոյեմբերի 7-ին ստացած անձնագիրը չեղյալ էր հայտարարել' հիմնավորելով դա այն բանով, որ նա այն ստացել է, իբր, «ապօրինի ճանապարհով»:

 

73-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է անցյալ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

 

ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը դավանում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

 

Համացանցում օրերս տարածած տեսանյությում, դիմելով իրեն թիվ մեկ թշնամի հայտարարած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Ֆաթուլլահ Գյուլենն ասել է, որ կների եւ կհաշտվի նրա հետ, եթե վերջինս խոստովանի «իր կատարած գողությունները եւ ժողովրդին արած սուտ հայտարարությունները»:

 

«Ներողություն են խնդրում' ապաշխարելով, խոտովանելով սուտը, զրպարտանքը, վրեժի զգացմունքը, գողությունը, կեղտոտ գործերը: Եթե ասի, որ ներողություն է խնդրում ազգից, ապա դա կընկալվի որպես ապաշխարանք: Ալլահը դա կընդունի, մենք էլ կընդունենք», -ասել է նա: