Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադարձել է օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր հասցեին արված քննադատական հայտարարությանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նեթանյահուի մասնակցությունը Փարիզում «Շարլի Հեբդո»-ի դեպքերին նվիրված համերաշխության երթին զայրացրել էր Էրդողանին, ով ասել էր հետևյալը. «Այնպես է ձեռքով անում տրիբունայում հավաքված մարդկանց, կարծես նրանք շատ ոգևորված իրեն են սպասել: Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ երեսով է նա գնացել այնտեղ: Մի անգամ գոնե ձեր սպանած երեխաների, կանանց համար պատասխան տվեք»:

 

Պատասխանելով այս խոսքերին' Իսրայելի վարչապետը համապատասխան գրություններ է թողել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում' ընդգծելով, որ դեռևս չի լսել, որ որևէ պետության առաջնորդ քննադատի Էրդողանի հայտարարությունը Իսրայելի' երթին չմասնակցելու անհրաժեշտության վերաբերյալ: «Ամոթալի մեկնաբանությունները պետք է մերժվեն միջազգային հանրության կողմից: Ահաբեկչության դեմ պատերազմը կարող է հաջողությամբ պսակվել, եթե այն ուղեկցվի բարոյականությամբ»,- նշել է Իսրայելի վարչապետը: