ՄԱԿ-ը Էբոլա վիրուսի դեմ պայքարում նկատելի առաջընթաց է նշել Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, որոնք տենդի գլխավոր օջախներն են: Ինչպես լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, հաջողություններն առավել զգալի են Լիբերիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երկրի 15 կոմսություններից 12-ում վերջին յոթ օրվա ընթացքում հիվանդության ոչ մի նոր դեպք չի բացահայտվել: Երեք կոմսություններ՝ Գրանդ-Քեյփ-Մաունթը, Մարգիբին եւ Մոնտսերադոն, առաջվա պես հաղորդում են նոր դեպքերի մասին»,- ասել է Հակը:
Նրա խոսքով՝ Գվինեան եւ Սիեռա Լեոնեն հաղորդում են «վերջին մի քանի ամսվա ընթացքում հիվանդության նոր դեպքերի ամենացածր թվի մասին»: «ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարում է, որ դա շատ լավ առաջընթաց է, բայց վիրուսի դեմ պայքարում ներգրավված բոլոր ուժերին նախազգուշացնում է զգոնությունը պահպանելու եւ համաճարակի դեմ պայքարում եռանդուն ջանքերը շարունակելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը կազմում է շուրջ 8,6 հազար, վարակված է ավելի քան 21,6 հազար մարդ: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: