Ինտերպոլի մոսկովյան բյուրոն միջազգային ցանցում Սուրեն Ղազարյանի ձերբակալության մասին հարցում է տարածել: Ինչպես հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Պոպկովը, հարցման մեջ նշված են տվյալներ Ղազարյանի, այդ թվում՝ նրա մատնահետքերի, ինչպես նաև նրա մտերիմ բարեկամների մասին: Մինչդեռ, Ղազարյանն ունի քաղաքական փախստականի կարգավիճակ: Այս մասին հայտնել է novayagazeta.ru-ն:
«Նման գործողություններով կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ գործող իշխանության հակառակորդներին կգտնեն ամբողջ աշխարհում, և թաքնվելն անհնար է»,- հայտարարել է Պոպկովը:
Ընդ որում՝ փաստաբանը նշել է, որ Ինտերպոլի կանոնադրությունն «արգելում է հետապնդել քաղաքական փախստականներին». «Մոսկովյան բյուրոն, կարծում եմ, իրավունք չուներ հարցում տարածել Ղազարյանի մասին»,- ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սուրեն Ղազարյանը և մի խումբ բնապահպան ակտիվիստներ հասարակական ստուգումներ էին անցկացրել Սև ծովի ափի այն հատվածում, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, Պուտինի պալատը: Սակայն նրանց աշխատանքներին խոչընդոտել էին նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնապահները: