15 մարդ է զոհվել Ռուսաստանի Բրյանսկի մարզի «Բրյանսկ-Նովոզիբկով» ավտոմայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրը, բոլոր զոհվածները եւ չորս տուժածներն Ուզբեկստանի քաղաքացիներ են:
«Միկրոավտոբուսի զոհված վարորդը, զոհված 14 եւ վնասվածք ստացած չորս ուղեւորներն Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Վթարի հետեւանքով տուժել է նաեւ Renault բեռնատար ավտոմեքենայի վարորդը, որին բախվել է միկրոավտուբուսը:
Ընդամենը Mercedes-Benz Sprinter միկրոավտոբուսում եղել է 19 մարդ, այդ թվում՝ վարորդը:
Միկրոավտոբուսի եւ բեռնատարի բախումը տեղի է ունեցել մարտի 15-ին Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին Պեռվոմայսկոյե ավանի շրջանում: Միկրոավտոբուսը մտել է հանդիպական գոտի եւ բախվել բեռնատարին: