Իրանահայ ուսանողները բաց նամակ են հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիինˋ հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նամակի հեղինակները Իրանի Նախագահի ուշադրությունն են հրավիրել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության վրա. Թուրքիան ոչ միայն ժխտում է Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, այլև հովանավորում է Իրաքի և Սիրիայի բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձանց կոտորող ահաբեկչական խմբերին:

 

 

Ընդգծելով տարբեր էթնիկ և կրոնական փոքրամասնությունների խաղաղ համագոյակցությունն Իրանում, իրանահայ ուսանողները կոչ են անում Ռոհանիին ճանաչել Հայոց ցեղասպանությունըˋ այդ քայլով կանխարգելելով ապագա ոճրագործությունները:

 

 

Որպես իսլամական երկիր, Իրանը վերջին տարիներին չափավոր և զգուշավոր քաղաքականություն է վարել Հայոց ցեղասպանության հարցում: Չնայած դրան, Իրանի 6-րդ մեջլիսի անդամները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Իրանի նախկին Նախագահ Մոհամադ Խաթամին իր նախագահության ընթացքում 2004 թվականի սեպտեմբերի 9-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2007 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում խուսափել է Ծիծեռնակաբերդ այցելությունից: