Լեհաստանի, Դանիայի եւ Շվեդիայի ԱԳ նախարարներ Գժեգոժ Սհետինան, Մարտին Լիդեգաարդը եւ Մարգոտ Վալսթրյոմը ժամանել են Վրաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին: Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին նախարարների այցը գնահատում Է որպես աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը եւ եվրաինտեգրացման նրա ձգտմանը:

 

Նախատեսվում Է, որ վերը նշված երկրների ԱԳ նախարարները հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, ինչպես նաեւ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

«Ցանկանում եմ ողջունել այդ երկրների ներկայացուցիչներին, որոնք ընդհանուր աջակցություն եւ համերաշխություն են հայտնել Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ընտրությանը… Համատեղ այցը այն բանի հստակ ապացույցն Է, որ այդ երկրները վճռականորեն պաշտպանում են մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրացումը»,-հայտարարել Է Բերուչաշվիլին ապրիլի 14-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

 

Այցի շրջանակներում Վրաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պլանավորում են հուշագիր ստորագրել համագործակցության նոր ձեւաչափի՝ «Թբիլիսյան խորհրդաժողովի» ստեղծման մասին: Այդ փաստաթուղթը ենթադրում Է Լեհաստանի աջակցությունը Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման ճանապարհին: