«Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո հույս է հայտնել, որ այս հաջողությունը կփոխի թիմի՝ մրցաշարային աղյուսակի հետ կապված խնդիրը:

Նշենք, որ «Ամկարը» 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Մենք միասնական էինք և արժանի էինք հաղթանակի: Ֆուտբոլիստները ներդրեցին իրենց ողջ ուժերը: Հավատում էինք, որ կարող էինք հաղթել: Հուսով եմ, որ այս խաղը շրջադարձային կլինի և մենք դուրս կգանք ստեղծված իրավիճակից: Թիմը լավ տրամադրություն ունի, սակայն մենք պետք է արդեն մոռանանք այս խաղը, քանի որ առջևում ամենակարևոր խաղն է»,- Արզումանյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Ապրիլի 20-ին «Ամկարը» կընդունի Տուլայի «Արսենալին»: Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանն «Ամկարը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Արզումանյանը մասնակցել էր ամբողջ խաղին: