Եմենում ռազմական գործողությունների սկզբից զոհերի թիվը հասել է 597-ի, իսկ վիրավորներինը՝ 1493-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Եմենի առողջապահության նախարարությունը: Համաձայն տեղեկության՝ զոհերից 95-ը երեխաներ են, 60-ը՝ կանայք, իսկ վիրավոր երեխաների թիվը կազմել է 109:

 

 

Սաուդյան Արաբիան և արաբական դաշինքի երկրները առավոտյան ռմբակոծել են Հուս քաղաքը, որը գտնվում է Եմենի հյուսիսում: Ռմբակոծության հետևանքով 33 խաղաղ բնակիչներ են զոհվել, ավելի քան 30-ը վիարվորվել են:

 

 

Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, սաուդական օդանավերի թիրախում էր հայտնվել Սաադայում գտնվող պետական հաստատությունների համալիրը: Ռմբակոծության էր ենթարկվել քաղաքի հին հատվածը, որի հետևանքով 17 խաղաղ բնակիչներ զոհվել, ևս 49-ը վիրավորվել են: Քաղաքում ավերվել են բանկերի երկու շենք, գրադարաններ, փոստատներ:

 

 

Սաադա քաղաքը համարվում է շիաների կրոնական կենտրոնը:

Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ:

 

 

Եմենի նախագահին օգնելու նպատակով Սաուդյան Արաբիան մարտի 26-ի ռազմական մասշտաբային գործողություններ է սկսել շիա ապստամբների դեմ: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: