Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի քանի օր շարունակ ողջ երկրի տարածքում իրականացվող հակաահաբեկչական պայքարի շրջանակում ձերբակալվածների թիվն անցել է հազարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի 39 նահանգում իրականացված գործողությունների հետևանքով ձերբակալվել է 1302 մարդ:
Թուրքիայի վարչապետի մամուլի ծառայությունից արած հայտարարության մեջ նշվել է, որ իրավապահ մարմինների գործողությունները շարունակվելու են պետության ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների դեմ:
Թուրքիայում իրադրությունը վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ լարվել է Սիրիայի հետ սահմանակից Սուրուջում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կազմակերպված հզոր պայթյունից հետո, որի հետևանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր: Բացի այդ, հուլիսի 23-ին Ուրֆայի արվարձաններից մեկում բնակարանում սպանված էին գտնվել թուրքական ոստիկանության երկու աշխատակիցների, որոնք կասկածվում էին ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ: Երկու օր առաջ սպանվել էր նաև Էրզրումի նահանգի ժանդարմերիայի պետը, ում հրամանով իրավապահները հակաքրդական գործողություններ էին անցկացնում Թուրքիայի հարավարեւալյան քրդաբնակ շրջաններում:
Այդ իրադարձություններից հետո Թուրքիայի օդուժը ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ սկսել է ռմբահարել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական ճամբարները: Միաժամանակ երկրի ներսում սկսվել են լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ: