Ադրբեջանի Շաքի քաղաքում գտնվող տարածաշրջանի ամենախոշոր «Շեքի Իփեք» մետաքսի կոմբինատը դադարեցրել է արտադրությունը: Երեկվանից ձեռնարկության բոլոր աշխատակիցները' մոտ 600 մարդ, ուղարկվել են չվարձատրվող անժամկետ արձակուրդ: Դրանից առաջ աշխատակիցներին տրվել է միայն մայիսի աշխատավարձը:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել են ձեռնարկության աշխատակիցները, որոնց չի ասվել, թե կոմբինատը երբ կվերսկսի աշխատանքը:

 

 

Խորհրդային տարիներին տարածաշրջանի ամենախոշոր մետաքսի կոմբինատը Ադրբեջանի անկախանալուց հետո արդեն վաղուց մետաքս չի արտադրում, այլ միայն Ռուսաստան եւ Թուրքիա արտահանելու համար բամբակյա արտադրանք է տալիս:

 

 

«Թուրան»-ին չի հաջողվել այդ առնչությամբ պաշտոնական մեկնաբանություն ստանալ կոմբինատի ղեկավարությունից եւ Ադրբեջանի էկոնոմիկայի ու զարգացման նախարարությունում:

 

 

Ոչ պաշտոնական տվյալներով' «Շեքի Իփեք» բաց բաժնետիրական ընկերությունը վերջերս սնանկացած «Ադրբեջանի միջազգային բանկ»-ի պարտատերերից մեկն է եւ կապված է եղել այդ բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի հետ:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' անցյալ տարվանից սկսված նավթի համաշխարհային գնանկումից հետո Ադրբեջանում եւ’ էներգակիրների, եւ’ տնտեսության մյուս ճյուղերում աշխատավորների զանգվածային կրճատումներ են սկսվել: Վերջին մեկ տարում Ադրբեջանում բազմաթիվ պետական եւ մասնավոր ձերնակությունների փակվելու պատճառով հարյուր հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել: