ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հակամարտող կողմերի հետ համընդգրկուն համաձայնագրի մանրամասների շուրջ, սակայն այս հարցն առաջին հերթին կախված է երկու երկրի նախագահների քաղաքական կամքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը' նշելով, որ ԼՂ հակամարտությունը սառեցված չէ:

 

Նա մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ավելացման առնչությամբ' ընդգծելով, որ անթույլատրելի է ծանր հրազենի կիրառումը: «Մենք մասնավորապես անհանգստացած ենք խաղաղ բնակչության շրջանում գրանցվող կորուստների առնչությամբ և կոչ ենք արել կողմերին ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը նման բռնությունը կանխելու համար: Հանուն իրադրության կայունացման' մենք շարունակում ենք քննարկումները վստահության ստեղծման և կողմերի միջև բանակցությունների ավելի կառուցողական մթնոլորտի համար»,- ասել է Ուորլիքը' ընդգծելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի հերթական նստաշրջանի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը նախ և առաջ քննարկվելու են լարվածության թուլացմանն ու հրադադարի ռեժիմի պահպանմանն առնչվող հարցեր:

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք, որտեղ ծրագրված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ: