Ռուսաստանի և Իրանի քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների պայմանների պարզեցման վերաբերյալ երկու երկրների միջև կնքված համաձայնագիրն ուժի մեջ կմտնի փետրվարի 6-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ-ի արտգործնախարարությունը:

 

 

Միջկառավարական համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի նոյեմբերի 23-ին Թեհրանում ռուս-իրանական բանակցությունների արդյունքներով՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոուհանիի ներկայությամբ: «Փաստաթուղթը նպատակ ունի փոխադարձ հիման վրա պարզեցնել պայմանները երկու պետությունների քաղաքացիների ուղևորությունների իրականացման համար:

 

 

Ռուսական և իրանական այցագրերի ստացման պարզեցված կարգ է նախատեսված գործարար շրջանների ներկայացուցիչների, գիտական, մշակութային և ստեղծագործական գործունեությանը մասնակցող անձանց, զբոսաշրջիկների և այլ կատեգորիաների քաղաքացիների համար»,- ասված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

 

 

Սույն համաձայնագիրը կծառայի ռուս-իրանական կապերի հետագա ամրապնդմանը փոխհամագործակցության բոլոր ուղղություններում, նշել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: