Հինգ տարվա ընթացքում Օբաման համառորեն հայտարարում էր, որ սիրիական քաղաքացիական պատերազմը չի կարող ռազմական լուծում ունենալ: Սակայն, «ռազմական գործողությունների դադարեցման» վերաբերյալ առաջարկից դատելով, որն առաջ է քաշվել փետրվարի 12-ին Մյունխենում՝ Վլադիմիր Պուտինը շուտով կապացուցի ԱՄՆ-ի նախագահի սխալ լինելը, գրում է The Wall Street Journal-ը:

 

Տեսականորեն, ռազմական գործողությունների դադարեցումը, որն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, պետք է ժամանակավոր հրադադարի հանգեցնի և ապահովի այդ երկրին հումանիտար օգնության առաքումը: Այնուհետև, Ժնևում պետք է վերսկսվեն խաղաղ բանակցությունները, որոնք ընդհատվել են փետրվարին՝ Բաշար Ասադի զորքերի՝ սիրիացի չափավոր ապստամբների դիրքերի վրա հարձակման պատճառով, որոնք աջակցվում են ՌԴ ռազմաօդային ուժերի կողմից:  

 

Սակայն, գործնականում դա ավելի շատ նման է Ռուսաստանի հերթական հաղթանակին:

 

Ռուսաստանի նախագահն ստացել է նաև դիվանագիտական հաղթաթուղթ, որը նա անպայման կգտագործի՝ ԱՄՆ-ից և Եվրամիությունից նոր զիջումներ ստանալու համար: Ամենայն հավանականությամբ, նա ամենասկզբում կհասնի պատժամիջոցների վերացմանը, հատկապես որ Եվրոպան և ԱՄՆ-ն շատ մոտ են Կրեմլի՝ ուկրաինական անեքսիաների հետ հաշտվելու մտքին: Օբաման միայն ուրախ կլինի այս գործարքին գնալու համար, որպեսզի գոնե ինչ-որ չափով թուլացնի ամերիկյան ԶԼՄ-ների քննադատությունն իր հասցեին`պայմանավորված Սիրիայում իր դիրքորոշման հետ: