Չնայած Սիրիայից օդատիեզերական ուժերի դուրսբերման մասին հայտարարություններին՝ Ռուսաստանը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում: Այդ մասին հաղորդում է ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական Stratfor գործակալությունը: Ըստ նրա՝ վերջին օրերին Ռուսաստանի Դաշնությունը նոր ուղղաթիռներ է տեղակայել Սիրիայում:

 

Գործակալությունը հրապարակել է մարտի 17-ին տիեզերքից արված նկարներ, որոնցում երևում են Լաթաքիայում ռուսական ավիաբազան և Տարտուս նավահանգիստը: Ինչպես նշվում է, լուսանկարները ցույց են տալիս, որ մարտի 17-ի կեսօրի դրությամբ Սիրիան լքել է ռուսական ավիախմբի ավելի քան քառորդ մասը:

 

Stratfor-ի տվյալներով՝ մարտի 15-ին թռչել են երեք Սու-34 ինքնաթիռներ, տրանսպորտային Տու-154-ը, մեկ օր անց՝ բոլոր 12 Սու-25-երն ու տրանսպորտային Իլ-76-երի մի մասը:

 

Սու-24 ինքնաթիռները, որոնք երևում են լուսանկարներում, հավանաբար արդեն լքել են բազան, նշում է գործակալությունը:

 

Stratfor-ը, սակայն, հաղորդում է, որ Ռուսաստանը վերջին օրերին ավիաբազայում լրացուցիչ ուղղաթիռներ է տեղակայել:

«Լուսանկարները ցույց են տալիս, որ ռուսները ոչ միայն ընդլայնում են ենթակառուցվածքն ու ավիաբազայի օբյեկտները, այլ նաև այն, որ այնտեղ վերջին մի քանի օրերին լրացուցիչ ակտիվներ են տեղակայել՝ ներառյալ մարտական Մի-28 և Կա-52 ուղղաթիռները»,- ասված է զեկույցում։

 

Բացի այդ, գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը դեռ դուրս չի բերել բոլոր Սու-30 և Սու-35 ինքնաթիռները:

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր մարտի 15-ից ռուսական ավիացիան Սիրիայից դուրս բերելու մասին։