ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

4-րդ փուլին մասնակցում է 124 տղա ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելգիայից, Բելառուսից, Շվեդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Սիրիայից, Ղազախստանից, Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ ու աղջիկներ, բարով եք եկել Հայրենիք, համայն հայության մայրաքաղաք Երևան և Ձեր նախարարություն: Համոզված եմ, որ 14 օրերի ընթացքում դուք կտեսնեք և կծանոթանաք Հայաստանի տեսարժան վայրերին, իսկ ձեզ համար կազմակերպվող հայրենագիտության դասընթացներին ակտիվ մասնակցելով՝ կծանոթանաք հայոց պատմությանը, հայ մշակութային և հոգևոր արժեքներին, կսկսեք առավել վարժ խոսել և գրել մայրենի լեզվով»:

 

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության հուշակոթող, թանգարան և Եռաբլուր՝ հարգանքի, խոնարհումի այն գլխավոր վայրերը, որտեղ մտնելիս ամեն հայ ապրում է հպարտության և ակնածանքի զգացողություն:

 

«Դուք կլինեք նաև հայոց բանակի զորամասերից մեկում, կծանոթանաք մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորների հետ, - ընդգծեց նախարարը՝ հավելելով,-մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում ձեր ծնողներին, որ վստահեցին «Արի տուն» ծրագրին և ձեզ ուղարկեցին հայրենիք: Շնորհակալ ենք նաև հյուրընկալ ընտանիքներին, որ այնքան սիրով ու հոգատարությամբ են ձեզ պահելու իրենց օջախներում»:

 

Այնուհետև նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ հագցրեց 4-րդ փուլի ամենակրտսեր մասնակցին՝ ԱՄՆ-ից ժամանած 13-ամյա Դավիթ Աբրահամյանին:

 

Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Կիպրոսից ժամանած «Նարեկ» վարժարանի սաներին. «Նախարարությունն ամեն տարի հյուրընկալում է նարեկցիներին, ովքեր կարծես ուխտագնացության են գալիս Հայաստան»:

 

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և նախարարին՝ ջերմ ընդունելության, հոգատար վերաբերմունքի համար՝ Կիպրոսի խմբի ղեկավար Վիոլետ Թաշճյանը նշեց. «Նարեկ» վարժարանի սաները մի ողջ տարի անհամբերությամբ և կարոտով են սպասել Հայրենիք այցին: Մենք գիտենք, որ Հայաստանից հեռու մեր Հայրենիքը մայրենին է, և մեր վարժարանում ամեն ինչ անում ենք երեխաներին հայերենը լավ սովորեցնելու ուղղությամբ»:

 

Այնուհետև արիտունցիների՝ հոտընկայս և բարձր ծափողջույնների ներքո հնչեց «Հայկական բանակ» երգը: Մասնակիցներն իրենք էլ սիրով ասմունքեցին և կատարեցին հայ ազգագրական և ժողովրդական երգեր: