Մայիսի 14-ին Երևան քաղաքի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը հավակնում է դառնալ քաղաքապետ: Այս ընտրություններում մրցապայքարի մեջ են մտել ՀՀԿ-ից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը:


Անկախ ընտրությունների արդյունքից, մեր հրապարակումով տեղեկացնում, հորդորում, խնդրում ենք ապագա քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի բանուկ հատվածում գտնվող տարածքների, անցումների, այգիների անմխիթար վիճակին:

 

ԼՈւՐԵՐ.com-ը ստորև ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են Շենգավիթ վարչական շրջանում: Բագրատունյաց փողոցում գտնվող այս շինությունը հայտնվել է բարձիթողի վիճակում: Բնակելի տների և շենքերի մեջտեղում գտնվող շենքը, որն անուշադրության է մատնված պատկան մարմինների կողմից, վերածվել է իսկական աղբանոցի: 

 

Հաճախ ենք լսում ամպագոռգոռ արտահայտություններ, հորդորներ՝ Երևանի մաքրությանը վերաբերող: Սակայն, արի ու տես՝ աղբակույտի հետևանքով՝ քաղաքի բանուկ հատվածում գտնվող կառույցը ամուր տանիք է դարձել այնտեղ բուն դրած առնետների համար:

 

Ծանոթացեք այս շարքի նախորդ հրապարակումներին`Խոստացեք՝ կմաքրեք. գարշահոտությունը խեղդում է մեզ, «Խոստացեք՝ կմաքրեք». սա Երևանն է, այստեղ դու խեղդվում ես, «Խոստացեք՝ կմաքրեք». մենք լճացած աղբի փոխարեն Երևանյան լիճ ենք ուզում:

 

Սոնա Հարությունյան