Ըստ մամուլի հրապարակումների Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցները և 24-ամյա երիտասարդի դաժան ծեծը կապվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ:
ԼՈւՐԵՐ.com-ը պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքացին ահազանգել է, որ ինքն առևանգվել և ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից. «2017 թվականի օգոստոսի 15-ին Երևանի բնակիչ, 1993թ. ծնված երիտասարդից ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, վնասել են իր ավտոմեքենան, բռնություն գործադրել իր նկատմամբ։ Ըստ քաղաքացու՝ բռնության գործադրմամբ իրեն տեղափոխել են Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին ծեծի են ենթարկել, ապա՝ որոշ ժամանակ անց, բաց թողել։ Երիտասարդը ճանաչվել է տուժող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ»:
Թեև, փաստորեն Սոնա Տռուզյանը հերքում է տարածված լուրերը, սակայն Փաստինֆո.am-ը գրում է, որ երիտասարդը մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհուն հրավիրել իր ծննդյան արարողությանը։ Իսկ երիտասարդը գտնվում է հիվանդանոցում, նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերքեր:
Մենք մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, սակայն ապարդյուն, վերջինս մի ամբողջ օր այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Նշենք, որ սա առաջին աղմկահարույց դեպքը չէ, որը կապվում է ՀՖՖ-ի նախագահի անվան հետ, դեռևս 2012 թ.-ին Հայրապետյանի անունը կապվեց բժիշկ Վահե Ավետյանի սպանության հետ, պատճառը` սպորտային հագուստով Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան այցելելն էր։
Դեպքից օրեր անց Վահե Ավետյանը կոմայից դուրս չգալով մահացել է։
Սոնա Հարությունյան