Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել։ Նա որոշել է իր պաշտոնավարման առաջին 100 օրերի գործերը քննարկել հանրության հետ, խոսել կատարված գործերից, քննարկել ապագա ծրագրերը։ Իհարկե, շատերը կարծիք հայտնեցին, որ իրականում վարչապետ Փաշինյանը՝ հանրահավաք հրավիրելով, շատ ավելի լուրջ նպատակներ է հետապնդում, օրինակ՝ ուզում է Ռուսաստանին բռունցք ցույց տալ կամ էլ թե իր գործերի համար ժողովրդի «դոբրոն» ստանա, բայց մենք դեռ զերծ կմնանք նման մեկնաբանություններից՝ կենտրոնանալով Փաշինյանի հայտարարած նպատակների վրա։ Ի վերջո, ո՞րն էր այս 100 օրվա գլխավոր ֆենոմենը և ձեռքբերումը.

Որպես դրական փոփոխություն՝ շատերը սիրում են մատնանշել բարոյահոգեբանական մթնոլորտը, սեփական ուժերի նկատմամբ ժողովրդի հավատի վերականգնումը, մարդկանց դեմքի ժպիտը, վերջապես՝ կոռուպցիոն բացահայտումները։ Բայց չպետք է մոռանալ, որ բարոյահոգեբանական մթնոլորտն ու հավատի վերականգնումը սոցիալ-հոգեբանական երևույթ են և, որպես կանոն, արագ սպառվող կապիտալ, իսկ ԱԱԾ կազմակերպած ակցիաները չեն կարող մշտական բնույթ կրել: Բացի այդ, իհարկե հասկանալի է, որ այս կառավարությունը ժամանակավոր է, բայց անգամ մինչև ընտրություններ երկիրը տնտեսության զարգացման թեկուզ կարճաժամկետ հստակ ռազմավարություն պետք է ունենար՝ կառավարության ծրագրի հռչակագրային դրույթները դժվար է ռազմավարություն համարել: Կոռուպցիայի դեմ պայքարն էլ, որի նշանաբանի տակ անցնա այս 100 օրերը տնտեսության լոկոմոտիվը լինել չի կարող, այն ընդամենը տնտեսական ակտիվություն ապահովող բազմաթիվ անհրաժեշտ պայմաններից մեկն է: Հունիս ամսվա դրությամբ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 9.6 տոկոս: Ինքը Փաշինյանը ևս ընդունել է, որ այս պահին գրանցվող տնտեսական աճը հին մոդելի տնտեսական ակտիվություն և աճ է: 100 օրը գուցե քիչ է տնտեսական բարեփոխումների համար, սակայն երկրի տնտեսության զարգացման տեսլականի մշակման համար տրամաբանական ժամկետ է:

 

Ինչ վերաբերվում է ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններին, ապա պետք է փաստել, որ այս 100 օրը աչքի ընկան առաջին հերթին ՀՀԿ քաղաքական մենաշնորհի վերացմամբ: Սակայն ՀՀԿ՝ քաղաքական կյանքի լուսանցքում հայտնվելը ոչ այնքան Փաշինյանի թիմի հաջող քայլերի, այլ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված ռեալ-պոլիտիկից բխող հետևանք: Իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանի թիմին, ապա այն այս 100 օրվա ընթացքում ավելի շատ խանգարեց Փաշինյանին, քան օգնեց. Դա էլ, ինչ խոսք, անփորձության և հեղափոխական էյֆորիայիա անչափ մեծ քաղաքական դոզայի արդյունք էր: Այս 100 օրվա ընթացքում եղան բազմաթիվ սկանդալներ՝ Հայաստանը չմո երկիր անվանելուց, մինչև պաշտոնական դիրքի անթաքույց չարաշահում՝ ինչպես դա եղավ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պարագայում: Եղան նաև հրաժարականներ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն տեսակետը, որ թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը բախվել է կադրային սովի բավական լուրջ խնդրին, ինչի արդյունքում իր իսկ թիմի անդամները մի քանի անգամ «արջի ծառայություն» մատուցեցին նոր կառավարությանը: Նոր Հայաստանի քաղաքական զարգացումները, սակայն, դեռ նոր են սկսվում: Դա թերեւս պայմանավորված է անկախ Հայաստանի ամենացավալի իրադարձությունների հետ՝ «Մարտի1»-ի գործի նոր քննությամբ, ոչ միայն աղմկահարույց բացահայտումներով, այլեւ ոչ պակաս աղմկահարույց ձերբակալություններով: Սա առիթ է արդեն նոր Հայաստանում հին վերնախավի ներկայացուցիչների համար խոսել եւ հայտարարել հետապնդումների մասին: Ինչ վերաբերվում է կառավարության արտաքին քաղաքականությանը, ապա պետք է նկատել, որ այստեղ առկա է որոշակի չհասկացվածության մթնոլորտ գրեթե բոլոր խաղացողների հետ:Թեև Փաշինյանը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, այնուամենայնիվ արժե հստակեցնել թե ի վերջո ինչ ձևաչափով և ինչ ուղղությամբ են զարգանալու մեր երկրի հարաբերությունները գործընկեր երկրների, դաշնակիցների հետ:

 

Ըստ էության, այս հանրահավաքը նախ ցույց է տալու բոլոր ներքին ու արտաքին ուժերին, որ վարչապետը շարունակում է վայելել հասարակական լայն վստահություն, ապա և այս հանրահավաքից հենց իր` Նիկոլ Փաշինյանի համար պարզ կդառնա, թե տրամադրության ինչպիսի փոփոխություններ կան հասարակության մեջ վերջին 3 ամիսների ընթացքում: Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա ընթացքում շարքային քաղաքացիները դեռ լսում են հատուկ «դուխով» գրված երգերը, կրում են «Նիկոլի» շապիկներն ու «դուխով» գլխարկները եւ «դուխով» սպասում են նոր փոփոխությունների: