Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը հետաքրքրվել է խոշոր նվիրատվություններով, որոնք ձեռնարկատեր Իմադ Զուբարին 2017 թվականին փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության անցկացման համար պատասխանատու կոմիտեին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Նրանց տեղեկացմամբ՝ Զուբարին հայտնի ներդրող է, Վաշինգտոնում քաղաքական շրջանակներում որոշակի կշիռ ունի: Նա, մասնավորպես, հանդիպել է ԱՄՆ նախագահի իրավաբան Մայքլ Քոենի հետ, Նյու Յորքի Trump Tower երկնաքերում սելֆի արել հիմա արդեն պետության ղեկավարի նախկին օգնական Մայքլ Ֆլինի հետ եւ 2 անգամ շփվել է իր Թրամփի հետ:
Դատախազության ուշադրությունը, սակայն, ավելի շատ գրավել է այն դրվագը, որը Զուբարիի համար մեկնակետ է դարձել Սպիտակ տան ներկայիս ղեկավարի մերձավորների շրջանակ մտնելու համար: Թրամփի հաղթանակով ավարտված 2016 թվականի նախագահական ընտրություններից հետո բիզնեսմենը 900 հազար դոլար է նվիրել նախագահի երդմնակալության կոմիտեին: Մինչ այդ Զուբարին Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների, այդ թվում՝ Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի, խոշոր դոնորն էր:
NBC-ն երեքշաբթի հայտնել էր, որ Թրամփի երդմնակալության համար պատասխանատու կոմիտեն Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունից պաշտոնական հարցում է ստացել այդ միջոցառման ծախսերի մասին փաստաթղթերը տրամադրելու մասին: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ դատախազությանը հետաքրքրում են նաեւ երդմնակալության հյուրերի եւ համընթաց միջոցառումների մասին տեղեկությունները: Խոսքն, այդ թվում, Թրամփի հետ հանրապետական հովանավորների հանդիպումների մասին է: Քննիչները ցանկանում են նաեւ պարզել՝ հովանավորներն արդյոք նվիրատվություններ կատարե՞լ են տարբեր ծառայությունների եւ քաղաքական բնույթի արտոնությունների դիմաց:
NBC-ի տեղեկություններով՝ Թրամփի երդմնակալության անցկացման համար միջոցներ հավաքելով զբաղվող կոմիտեն այդ նպատակի համար ներգրավել էր 107 մլն դոլար, որից ծախսվել էր 104 մլն դոլարը: Սա կրկնակի ավելի է, քան ծախսվել է 2009 թվականին Բարաք Օբամայի առաջին երդմնակալության ժամանակ: