Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հեռանկարները և առաջարկելով այն իրականացնելու ծավալուն ծրագիր: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:
ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՀՖՖ-ի ներկայացրած առաջարկները և Հայաստանը, ևս 4 երկրների հետ միասին, ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի ռազմավարության աջակցության ծրագրերում: «Հաշվի առնելով ձեր ներկայացրած հայտի բովանդակությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերմունքը կանանց ֆուտբոլի զարգացման նկատմամբ, ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՖՖ-ն ընդգրկվել է այն 5 ազգային ֆեդերացիաների թվում, որոնց հետ միասին ՈւԵՖԱ-ն կսկսի աշխատել այդ ծրագրերն իրագործելու ուղղությամբ», - մասնավորապես նշված է ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Նադին Կեսլերի՝ ՀՖՖ-ին ուղղված նամակում: Այսպիսով, առաջիկա 5 տարիների ընթացքում ՈւԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կիրականացվի կանանց ֆուտբոլի զարգացման հետևյալ ծրագրերը.
- կանանց ֆուտբոլի զարգացման ռազմավարության ծրագրի կազմում
- 5 տարեկանից սկսած մարզումային ծրագրերի հաստատում
- աղջիկների ֆուտբոլի տարբեր տարիքային առաջնությունների կազմակերպում և մասսայական ֆուտբոլի ծրագրի իրականացում
- տաղանդավոր երեխաների առաջընթացի համար հատուկ ծրագրերի իրականացում
- կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների կրթական ծրագրեր
- կանանց ֆուտբոլի ներուժ ունեցող համայնքներում աջակցության ծրագրերի իրականացում
- Հայաստանի բոլոր մարզկենտրոններում կիրականացվի «Տաղանդների կենտրոն» ծրագիրը. առավել տաղանդավոր ֆուտբոլիստուհիները պարբերաբար համատեղ մարզումներ կանցկացնեն հատուկ ծրագրերով:
Այս ծրագրերն իրականացվելու են ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ- ի ֆինանսական աջակցության միջոցով: