«Հարազատները հավաքվել են բեռնատարի շուրջ՝ սպասումով, թե երբ պետք է իրենց հանձնեն սարսափելի «բեռը»՝ 52 տղամարդկանց մարմինները, որոնք զոհվել են հայրենիքից 600 մղոն հեռավորության վրա ծավալվող պատերազմում»,այս մասին գրում է «Washington Post»-ը:
«Հարազատների խոսքով՝ զոհվածները վարձկաններ էին, որոնց Թուրքիան հավաքագրել էր Սիրիայում Ադրբեջանի անունից՝ Հայաստանի դեմ պայքարի համար: Նրանց տեղակայել են հարվածային զորքերի շարքերում:
«Նրանք գնացել էին՝ փոխելու սահմանը»,-ասում է 38-ամյա գրոհային Մահմուդ Նաջարի եղբայրը:
Սիրիայից գրոհայինների մահը մտահոգություն է առաջացրել այն կապակցությամբ, որ այդ երկարատեւ հակամարտությունը կարող է շատ արագ սրվել, քանի որ ներգրավում է արտաքին ուժերի, օրինակ՝ Թուրքիային եւ Ռուսաստանին, եւ ապակայունացնում է հարեւաններին՝ Իրանին եւ Վրաստանին:
Թուրքիան հերքում է, որ Ադրբեջանին սատարելու համար Սիրիայից գրոհայինների է ուղարկել: Սակայն գրոհայիններից երկուսի հարազատները հարցազրույց են տվել եւ հայտնել, որ նրանց ամսական աշխատավարձ են խոստացել, եւ նրանք Ադրբեջան են մեկնել Թուրքիայի հարավային հատվածից:
Վերջին ամիսներին Թուրքիան նոր ուժով ձգտում է իր ռազմական ուժը ցուցադրել: Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին՝ ռազմական օգնություն ցուցաբերելով, ներառյալ՝ ԱԹՍ-ներ, ինչը Անկարային հնարավորություն է տվել, ինչպես ինքը հույս ունի, ազդել խնդրի խաղաղ կարգավորման վրա:
Սեպտեմբերի 27-ին սկսված մարտական գործողությունները վերջին տասնամյակներում վատագույն բռնկումն էին:
Սիրիայից վարձկանների տեղակայումը կրկնում է Լիբիայի մոդելը, որտեղ Թուրքիան եւ Ռուսաստանը պայքարում են հակառակ բեւեռներում: Լիբիայում վարձկանների մեծ մասին վարձել է Թուրքիան, որը Սիրիայում հովանավորում է աշխարհազորայիններին, որոնք դեմ են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը:
Թուրքիայի պաշտոնական անձինք օգտագործում են իրենց երկրի արտասահմանյան միջամտությունները՝ Թուրքիայի անվտանգության եւ էներգետիկայի ոլորտներում իրենց շահերն առաջ տանելու նպատակով: Սակայն Էրդողանի քննադատներն ասում են, որ դա փորձ է՝ շեղելու իր կառավարության ներքին խոցելիությունից, ներառյալ՝ տնտեսական անկումից, եւ ամրապնդելու իր ազգայնական դաշնակիցների արտաքին աջակցությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ազդանշաններ է տվել» հնարավոր միջամտության մասին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանին, սակայն իր պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա:
Մինչեւ հիմա Մոսկվայի ամենավճռական խոսքը եղել է Ադրբեջանի կողմից Սիրիայից բերված վարձկանների օգտագործման դատապարտումը։ Անցյալ շաբաթ ռուսական արտաքին քաղաքականության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նախազգուշացրել էր, որ այս տարածաշրջանը կարող է դառնալ Ռուսաստան իսլամիստ գրոհայինների ներթափանցման հենակետ։
Սիրիայից ուղարկված վարձկանները, որոնց հավաքել են Թուրքիայի աջակցությունը վայելող տարբեր խմբավորումներից, մանրամասն հաշվետվություն են ներկայացրել ճակատի գծից։ Մահմուդ Նաջարի զարմիկն ասել է, որ ինքն ու իր ընտանիքը ռազմական գործողությունների մասին վերջին նորությունները լսել են սիրիացիներից, որոնք ճանապարհորդում էին Նաջարի վաշտի հետ։
Նաջարը, որը ժամանակին աշխատել է Հալեպի տեքստիլ ֆաբրիկայում, Սիրիայի հյուսիսում Մարեայի տեղական դատարանում պահնորդ էր։ Ուժերի գերլարումով փորձելով ծայրը ծայրին հասցնել, նա նկատել է, որ մյուս երիտասարդ սիրիացիները, որոնց Թուրքիան հավաքագրել էր Լիբիայում մարտնչելու համար, տուն են վերադարձել կանխիկ փողով։ Երբ Նաջարի 18-ամյա զարմիկը նրան առաջարկել է պատերազմել Ադրբեջանում ամսական 2 հազար դոլարի դիմաց, նա կառչել է այդ հնարավորությունից, ասել է նրա զարմիկը։
«Փողն է միակ պատճառը,- ասել է զարմիկը։ - Ո՞վ է ցանկանում մեկնել Ադրբեջան։ Ընդհանրապես ո՞վ գիտի, թե Ադրբեջանը որտեղ է գտնվում»։
Նաջարը, նրա զարմիկը եւ տասնյակ այլ ընկերներ պատրաստված չէին նրան, ինչը պետք է տեղի ունենար։ Զարմիկի խոսքով՝ նրանք օդանավով ուղեւորվել են Թուրքիայի հարավային հատվածից։ Ադրբեջանում գտնվելու առաջին օրը նրանց համազգեստ են տվել՝ բաց կանաչ երանգի կամուֆլյաժ։
Հաջորդ օրը նրանց ուղարկել են ռազմաճակատ։ «Այդ շրջանը հայերը լավ ամրացրել էին»,- ասել է զարմիկը։ Սիրիայից եկած վարձկանները հիմնականում մենակ են եղել անծանոթ վայրում՝ շրջապատված լեզուներով, պատմությամբ եւ վիրավորանքներով, որը նրանք չէին հասկանում։ Նրանց ուղեկցել են 3 ադրբեջանցի ուղեկցորդներ։ Նրանք 9 ժամ լեռ են բարձրացել։ Նաջարին ուղարկել են շենքը մաքրելու, բայց նա սպանվել է դիպուկահարի փամփուշտներից, որ խոցել էին գլուխը»,- ասել է զարմիկը, որը Նաջարի դիակի լուսանկարը ներկայացրել է Washington Post պարբերականին՝ պայմանով, որ այն չի հրապարակվի։ Նույն օրը սպանվել է Նաջարի զարմիկը»։