Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրք հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատարանի կողմից արդարացվել է։ Նա մեղադրվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու մեջ։
Ջեմալի նկատմամբ դատավարություն էր սկսվել Էրդողանին 2 անգամ վիրավորելու մեղադրանքով: Գործի համար հիմք են ծառայել Էրդողանի վերաբերյալ Ջեմալի 2 թվիթերյան գրառումները, որոնք նա կատարել էր 2016 և 2020 թվականներին:
Ջեմալն արդարացվել է հենց առաջին դատական նիստի ժամանակ: Արդարացնելու պահանջը ներկայացրել է գործով հանդես եկող դատախազը, ինչը և բավարարվել է դատարանի կողմից: Արդարացումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ գրառումներում միտումնավոր վիրավորանք չի եղել, և դրանք տեղավորվում են խոսքի ազատության մեջ:
78-ամյա լրագրող Հասան Ջեմալն էլ դատավճռից առաջ հրաժարվել է պաշտպանական ճառից՝ ասելով, որ ինքը հանցանք չի գործել, հետևաբար պաշտպանության կարիք չունի: