Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.
Ազգային ժողովն այսօր 88 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրեց Իշխան Զաքարյանին:
***
Մինչ քվեարկության ավարտը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը վերաառաջադրեց Իշխան Զաքարյանին, նշեց. «Դա ԱԺ նախագահի լիազորությունը չէ: Հանրապետության նախագահը որոշում կայացրեց և առաջադրեց նրա թեկնածությունը»:
Անդրադառնալով հարցին, թե համամիտ չէ նա ընդդիմության հետ, որ չարաշահումները չեն կարող բացահայտվել, ասաց. «Եթե մենք տեսակետների հետ հաշվի նստենք, կխճճվենք, որովհետև այդ տեսակետներն այնքան շատ են և շինծու, որ դրանց հետ հաշվի նստելու կարիք չկա»:
***
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը չի մասնակցի քվեարկությանը, «որպեսզի ՀՀԿ-ական կեղծարարներն ընդդիմության դեմ կեղտոտ խաղ չխաղան»:
Սակայն քվեարկությանը մասնկացել է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ավելի շուտ քվեարկել էր նաև Հրանտ Բագրատյանը:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հարգանքով է վերաբերվում խմբակցության՝ քվեարկությանը չմասնակցելու որոշմանը, սակայն հավատարիմ է մնում իր սկզբունքներին:
***
Այսօր քվեարկության ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, անդրադառնալով ընդդիմության կողմից պարբերաբար հնչեցվող այն հարցին, թե որտեղից Իշխան Զաքարյանին նման առանձնատուն, ասաց. «Հիմա հլը ընդդիմության վիլաները նայե՛ք, թե ընդդիմությունն ինչ վիլլաներ ունի: Բոլորինն էլ նայե՛ք, տեսե՛ք' ինչեր ունեն»,-ասաց Սեդրակյանը' հավելելով, որ ինքն անուններ չի տա:
***
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ հայտարարությունների ժամին շեշտեց, որ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում օրենսդիր իշխանությունն իրականացնում է ԱԺ-ն, սակայն փորձը ցույց է տալիս, որ գործադիրը ԱԺ-ի թողտվությամբ յուրացրել է օրենսդիր իշխանության մի ստվար հատված, և ինքն է թելադրում խաղի կանոնները։
«Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը»: Այս նորմից հետևում է նաև, որ օրենսդիր իշխանության իրականացումը ԱԺ-ի բացառիկ լիազորությունն է: Ուստի արգելված է վերջինիս պատվիրակումը որևէ այլ մարմնի: Վկայակոչված նորմից բխում է, որ ԱԺ-ն ոչ միայն օրենքներ ընդունող, այլև օրենսդրական քաղաքականություն մշակող, այն կյանքի կոչող միակ պետական մարմինն է»,- ասաց նա։
***
Միջադեպ ԱԺ-ում. վիճաբանություն Շամշյանի և Բագրատյանի միջև:ԱԺ-ում մեկնարկել էր ՎՊ նախագահի ընտրությունը:
Քվեարկության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. վիճաբանել են պատգամավոր Հրանտ Բագրատյանը և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ֆոտոլրագրողին բարկացրել է այն, որ ըստ իր խոսքերի' Բագրատյանն իրեն հրել է աշխատանքը կատարելու ժամանակ:
Միջադեպի ընթացքում էլ Բագրատյանը նշում էր, որ ինքը չի հրել և հորդորում էր Շամշանին իր հետ «դու»-ով չխոսել:
***
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության բաժիններ են տարվել 38 կանայք:
Մանրամասները' ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութում:
***
Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով նոյեմբերի 11-ին ազատվել է աշխատանքից,- ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: «Նա ազատվել է աշխատանքից վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով»,- ազատման պատճառն այսպես ներկայացրեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ օրերս քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի ուսանող է ծեծել, ում ծնողներն այդ մասին տեղյակ են պահել նախարարությանը, ինչն էլ պատճառ է դարձել, որ նախարարը հեռացնի տնօրենին, Ա. Պողոսյանը նախ ասաց, որ նման դեպք տեղի է ունեցել քոլեջում և նախարար Հ. Պողոսյանի հրամանով այսօր առավոտյան ստեղծվել է ծառայողական աշխատանքային խումբ, որը քոլեջում որոշակի ստեղծարարական քննություն է իրականացրել, վաղը կհրապարակվեն ադյունքները. «Բնականաբար, նախարարը չէր կարող տնօրենին հեռացնելու համար հիմք ընդունել այս միջադեպը, քանի որ ծառայողական քննություն դեռ իրականացված չէր»:
***
Բաղրամյան մետրոյի մոտ՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապ օգնության մեքենան: Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր երեկ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք, իր խոսքով, աջակցել են պապական կտակը կեղծելուն:
Ոստիկանների գործողությունների պահին Խուդոյանի հետ է եղել իր 8-ամյա աղջիկը, ով սկսել է լացել: Հավաքված մարդիկ փորձել են հարցեր ուղղել ոստիկաններին, նախատել նրանց, անպատվել, սակայն վերջիններս անդրդվելի են եղել:
Epress.am-ի թղթակիցը վերջին պահին հասցրել է նկարահանել Խուդոյանին տարածքից հեռացնելու պահը: Շտապ օգնության մեքենայի հեռանալուց հետո ոստիկանները նույնպես արագ հեռացել են: Այնուամենայնիվ, նրանցից մեկը, ով չի ներկայացել, հարցին, թե ինչու են ակցիա անող տղամարդուն հեռացրել, ասել է, որ «վնասվածք ուներ, ուզում էին զննեն, ինքը չէր ուզում, իրա պռոշները ուռել են, դրա համար տարան»:
***
Ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ դերասաններ, երիտասարդներ, «Նախախորհրդարանի» անդամներ, հասարակական գործիչներ: Նրանք պահանջում էին փոխել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշումը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց հավաքի կազմակերպիչ Լիլիթ Համբարյանը, իրենք այս կերպ փորձում են ցույց տալ, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ անօրինական որոշում է կայացվել և նրա նկատմամբ խափանման միջոցը պետք է փոխվի:
***
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին' խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանին:
Գասպարյանին ուղղված նամակում Բաղդասարյանը ներկայացրել է հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող Կոտայքի մարզի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից թույլ տված խախտումները: Մասնավորապես, ինչպես նշեց Նիկոլայ Բաղդասարյանը, նոյեմբերի 5-ին քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին, սակայն այդ օրը Վարդան Պետրոսյանը չի ձերբակալվել:
Ավելին, նոյեմբերի 6-ին ժամը 15:30-ին ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի. «Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վարդան Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ' նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին 094-457-999 հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր' Աշխեն Պետրոսյանին»: Նույն արձանագրության համաձայն Վարդան Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»: «Իրականում ՀՀ ոստիկանության քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վարդան Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վարդան Պետրոսյանի քրոջ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսել», -հայտնեց պարոն Բաղդասարյանը:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին' թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում«Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 09 SL 455 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Հ.-ն և ուղևոր՝ 1987 թ. ծնված Ն. Հ.-ն տեղափոխվել են
Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: