Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.
Նույնասեռական լինելու տեղեկությունների հետ կապված Հակոբ աբեղա Գրիգորյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ինչպես տեղյակ եք, վերջին շրջանում ակամա հայտնվեցի որոշ տհաճ քննարկումների կենտրոնում, որոնք բացարձակապես սուտ են, նենգամիտ հերյուրանք ու չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են իմ, ընտանիքիս ու հարազատներիս անդորրն ու կյանքի բնականոն ընթացքը: Նկատի ունենալով, որ այդ ամենին վերջ դնելն հնարավոր է միայն դատական կարգով, դիմելու եմ դատական գորընթացների, օրենքով սահմանված կարգով անունս ու բարի համբավս վերականգնելու համար: Չուզենալով որպես Եկեղեցու սպասավոր մտնել այդ գործընթացների մեջ, նպատակահարմար եմ համարել դիմել Վեհափառ Հայրապետին' ազատ կացուցանելու համար եկեղեցական իմ ծառայությունը մինչև հարցի մեջ հստակություն կմտցվի:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արդեն իսկ նախնական խորհրդակցություն եմ ունեցել փաստաբանի հետ և առաջիկա օրերին դիմելու եմ դատարան իմ անձի արժանապատվության ու բարի համբավի նկատմամբ ոտնձգություն կատարած անձնավորությանը օրենքի սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
Առաջիկային հանդես կգամ նաև մամուլի ասուլիսով, որտեղ հանգամանալից կներկայացնեմ այս տհաճ իրավիճակի հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն իրենց հիմնավորումներով»:
***
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:
Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Սևանա լճում ժամը 18:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
***
Երեկ' նոյեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Տիգրան Գալստյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և վերցվել կադրերի ռեզերվ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մելիքյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վարդենիս բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արաիկ Դավթյանը ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Վարդան Գևորգյանը ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության պետ : ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կորյուն Հարթենյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության կազմակերպված հանացվորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
***
Այսօր Ազգային ժողովում վեճի էին բռնվել ՀՀԿ-ական պատգամավորներ Մարգարիտա Եսայանն ու Կարինե Աճեմյանը:
Վեճի պատճառն անհայտ է: Կին պատգամավորները սկզբում խոսում էին ցածր, սակայն հետո սկսեցին մեղադրել միմյանց: Կարինե Աճեմյանն ասաց. «Քո ընկերուհիներն են գրել, ուրեմն՝ մի բանից դժգոհ ես, որ գրել են», ինչին հակադարձեց Մարգարիտ Եսայանը: Այնուհետև Կարինե Աճեմյանը պահանջեց ցածր խոսել. «Մի հատ ձայնդ մի՛ բարձրացրու, իյա, նոր եք եկել, մի՛ քիչ աշխատեք, հետո...»:
***
Այսօր Ազգային ժողովի նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է իր մանդատից՝ պատճառաբանելով դա այլ աշխատանքի անցնելու հանգամանքով:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Խաչիկ Հարությունյանի' մանդատից հրաժարվելու պատճառը ոչ թե խմբակցությունում ենթադրյալ տարաձայնություններն են, այլ ՕԵԿ գործիչը, նախագահի որոշմամբ, կնշանակվի ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր:
«Հայաստանում ձևավորվում է ՀԱՊԿ ակադեմիան. նա, նախագահի իմացությամբ և որոշմամբ, նշանակվում է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր»,- ասաց Բիշարյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ով է փոխարինելու ՕԵԿ-ական պատգամավորին' Հեղինե Բիշարյանն ասաց. «Ցուցակում ով հերթականությամբ գալիս է, քննարկվում է, և քաղխորհրդի որոշումը ընդունելուց հետո կտարածենք»։
***
Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, որ Ալեքսանդր Սարգսյանի կնոջ անձնագրում օտարեկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է կիրակի օրը' «Զվարթնոց» օդանավակայանում, անձնագրային և վիզաների վարչության աշխատակցի կողմից, իրականությանը չի համապատասխանում:
Տեղեկացնում ենք, որ Ա. Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է դեռևս 02.07.2013թ.՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայության կողմից, և նրան անձնագիրը հանձնվել է օտարերկյա պետություններում վավերականության մասին նշումով: Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումը կատարվել է 02.07.2013թ.' 5 տարի ժամկետով, որը վավերական է մինչև 02.07.2018 թվականը:
Հետագայում, կորստյան կամ փոխանակման կապակցությամբ, Ա. Սարգսյանի կնոջն այլ անձնագիր չի հանձնվել, հետևաբար, Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև անձնագրային ծառայության կողմից օտարերկյա պետություններում վավերականության ժամկետի այլ նշում չի կատարվել:
***
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին: Նախարարը համոզմունք է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ պայմանները կան դերասանի առողջությանը հետևելու և բուժումներն իրականացնելու համար. այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել է Հրայր Թովմասյանը։
«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որ գտնվում է Վարդան Պետրոսյանը չասենք՝ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան իր առողջությանը հետևելու և բուժումները ստանալու համար։ Ես իրեն ասել եմ, որ ինձ համար այս պահին կարևորը իր առողջությունն է»,– ասել է նա։
***
Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության աշխակատակազմի ղեկավար Վահե Էլոյանը կառավարության որոշմամբ ազատվել է աշխատանքից բացահայտ կեղծիքի եւ խաբեության միջոցով:
Վահե Էլոյանի սկանդալային պաշտոնանկության պատմությունը մոտենում է իր հանգուցալուծմանը: Մեր ձեռքի տակ է կառավարության հայտնի նիստի ձայնագրությունը, որից ակնհայտ է դառնում, որ Յուրի Վարդանյանը, բառիս բուն իմաստով, խաբում է վարչապետին ու ողջ կառավարությանը: Սպորտի նախարարը պնդում է, թե Վ. Էլոյանը ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, և դա անում է ոչ մեկ անգամ:
***
Այսօր գյումրեցի մի խումբ երիտասարդներ «Ոչ արագաչափերին Գյումրիում» նախաձեռնության շրջանակներում բողոքի ակցիա են իրականացրել Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում՝ Ապակու գործարանի հարեվանությամբ, որտեղ բոլորովին վերջերս արագաչափ է տեղեդրվել: Ըստ այդմ՝ նշված ճանապարհով երթեվեկել թույլատրվում է մինչեվ 60կմ/ժ արագությամբ: Նշված արագությունը գերազանցելու դեպքում տեսախցիկը նկարահանում է, եվ վարորդները տուգանվում են: Երիտասարդներն այսօր հերթով կանգնեցրել են նշված փողոցով երթեվեկող մեքենաներն ու վարորդներին տեղեկացրել, որ տարածքում արագաչափ կա տեղադրված, եվ բացի այդ, գետնի վրա հատուկ ներկերով թողել են 60կմ/ժ գրառում, որպեսզի ինչպես իրենք են նշել, վարորդներն անտեղյակության պատճառով չտուգանվեն: Այս քայլն, ըստ ակցիայի մասնակիցներիլ, կարելի է դիտարկել նաեվ որպես բողոքի նշան՝ ուղղված ինչպես քաղաքային իշխանություններին, այնպես էլ այն ընկերությանը, որի նախաձեռնությամբ տեղադրվել է արագաչափը, եվ իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել:
***
Հայ-ռուսական հարաբերությունների համակողմանի և չեզոք լուսաբանման, ինչպես նաև Ռուսաստան-Հարավային Կովկաս կապերի ամրապնդման բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանից Վանիկ Էլիզբարյանն ու Վարուժան Բաբաջանյանը արժանացել են Ռուսաստանի Դաշնության պարգևի և նոյեմբերի 26-ից 29-ը հրավիրվել են Մոսկվա՝ ազդեցիկ լրատվական ծառայությունների մասնակցությամբ անցկացվելիք համաժողովի ընթացքում մրցանակներն ստանալու, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակման նպատակով:
Համաժողովի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի և Հարավային Կովկասի մի շարք ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների միջև՝ միտված փոխգործակցության խորացմանը: Նշենք, որ Վանիկ Էլիզբարյանը «Պոստ սկրիպտում» մեդիա հոլդինգի հիմնադիր-նախագահն է, իսկ Վարուժան Բաբաջանյանը՝ «Arm-media» հոլդինգի գլխավոր խմբագիրը, որը ներառում է հայաստանյան առաջատար լրատվական ծառայություններ, այդ թվում' Lurer.com և MediaMall.am կայքերը:
***
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 21.00–ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 21.00–ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: