Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևորագույն նորությունները.


Վրաստանում ընդունվել է ինքնակառավարման նոր օրենսգիրքը

Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատել է ինքնակառավարման նոր օրենսգիրքը, ինչի արդյունքում 2014 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ Վրաստանի կողմից անկախության ձեռքբերումից հետո առաջին անգամ բոլոր քաղաքապետներն ու գամգեբելները կընտրվեն ուղղակի ընտրությունների ճանապարհով, տեղեկացնում է «Գռուզիա Online»-ն:

Նոր օրենսգրքի համաձայն՝ քաղաքագլուխներն ընտրվելու են միայն ինքնակառավարվող քաղաքներում: Առկա հինգ ինքնակառավարվող քաղաքների՝ Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութայիսիի, Փոթիի եւ Բաթումի հետ միասին նման կարգավիճակ կստանան նաեւ Թելավին, Մցխեթը, Ախալցխան, Ամբրոլաուրին, Օզուրգեթին եւ Զուգդիդին՝ նկատի առնելով այն, որ այդ քաղաքները տարածաշրջանային կենտրոններ են:

 

***


Փոփոխություն կառավարության կազմում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

 

***


Կառավարությունն ազդարարում է պետական ծառայողների համար բնակարանաշինության ծրագրի մեկնարկը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում պաշտոնապես հայտարարեց նոր' պետական ծառայողներին բնակարանով ապահովելու ծրագրի մեկնարկի մասին: Այդ աշխատանքները հասցրել ենք ավատին: «3 հազար 500 պետական ծառայող ցանկացություն է հայտնել մասնակցելու այդ ծրագրին»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով' կառավարությունը Երևանում կարող է կարճ ժամանակահատվածում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և շահառուների համար ապահովել հիփոթեքային վարկերի ծրագիր: Ծրագրին առնչվող հարցը ներառվեց կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Պետական ծառայողների համար բնակարանային պայմանների բարելավման ծրագրի մասին խոսել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. օգոստոսի 28-ին' Կրթության եւ գիտության նախարարության ղեկավար աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ: Երկրի ղեկավարը նշել էր, որ նախատեսվում է շատ լավ, շուկայականից ավելի ցածր գներով և վարկավորման միջոցով ավելի լավ պայմաններ ապահովող բնակարանի տրամադրում:

 

***


Սկանդալ հայկական դատաիրավական համակարգում. փաստաբանը դատավորին փորձել է պարտավորեցնել հայհոյանքով

Հետաքրքիր փաստաբանական հնարքների ենք հանդիպում վերջին շրջանում' սեփական նպատակներին հասնելու ճանապարհին: Նախ մեր ձեռքի տակ են հայտնվում փաստեր, թե ինչպես է հանրությանը ոչ անհայտ փաստաբանը փորձում սովորական բանավեճը վերածել տղայական ռազբորկայի և դրա համար իր շուրջը հավաքված մի քանի «լավ տղա» փաստաբանի հետ միասին գործածում հավանաբար լիսկայամերձ շրջանակների հետ շփման արդյունքում անգիր արած «քֆուր-քյաֆար»-ով խոսելաձևը, մեկ այլ դեպքում փաստաբանը դատավորին հայհոյանքով է պարտավորեցնում' բավարարել իր հայցը' հայցադիմումի մեջ գրելով' «Ով որ մեր հայցը մերժի' խե.ս ուտի»: Եվ զարմանալի է, որ այս որակի և մակարդակի փաստաբանների գործելաոճը լայն քննության առարկա չի դառնում...

Եթե համապատասխան օղակներում քննության առարկա չի դառնում, քննության առարկա կդառնա մամուլում: Մեր ձեռքի տակ հայտնված փաստերը փուլ առ փուլ կդառնան հանրության սեփականությունը, որպեսզի հասարակությունը իմանա, թե ով են իրականում այն «հերոսները», ովքեր հանրության առջև հերոս ձևանալով' ոչնչով չեն տարբերվում այն լկտի իշխանավորներից, որոնց դեմ, իբր, պայքարում են...

Մնում է հավելել հայտնի խոսքերը' դուք գողական եք, թե փաստաբան, արա՜...

 

***


Մոսկվան կոչ Է արել Օլիմպիադայի ընթացքում դադարեցնել հակամարտություններն ամբողջ աշխարհում

Ռուսաստանը կոչ Է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին, առաջին հերթին Սիրիայում, զինադադար հայտարարել Օլիմպիադայի եւ Պարալիմպիական խաղերի ընթացքում: Այդ մասին ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ձմեռային Օլիմպիադայի կազմակերպիչ, հաստատակամորեն կոչ Է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին, անկախ երկրներից ու մայրցամաքներից, այդ ընթացքում հայտարարել «օլիմպիական զինադադար»:

 

***


«Դ!եմ եմ», «միացո′ւմ», «ամո′թ». բողոքի երթ' ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի

Կրթության և գիտության նախարարության շենքի առջև մեկնարկել է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության «իրավունքի նվաճման երթը»' ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

Երթին միացել են նաև ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչները: Երթի մասնակիցներին միացել է նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն պաստառներ' «Դ!եմ եմ պարտադիրին» գրությամբ, վանկարկում են «Հաղթանակ», «Արդարություն», «Միացում»:

Երթը շարժվեց հետևյալ երթուղով' Հանրապետության փողոց, կառավարության շենք, Իտալիայի փողոց, Կենտրոնական բանկ, քաղաքապետարան, Խորենացու փողոց, Պետեկամուտների կոմիտե' անցորդներին կոչ անելով միանալ բողոքի երթին:

Երթի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ, երբ ոստիկանները երթի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ շենքին՝ պատ կազմելով կառույցի դիմացի մայթին: Մասնակիցներից մի քանիսին հաջողվեց մոտենալ շենքին և ՊԵԿ-ի շենքի դռների ապակիներին փակցնել «Դեմ եմ» շարժման տեղեկատվական թերթիկները:

Մինչ ոստիկանները պոկում էին թերթիկները, երթի մասնակիցներին հաջողվեց քանդել ոստիկանական պատը ու մոտենալ ՊԵԿ շենքին՝ վանկարկելով «ամո′թ, ամո′թ»:

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի քաղաքապետարան, որտեղ էլ մտադիր են ավարտել երթը:

 

***


ՀՀ ԱԱԾ պատասխանը' ադրբեջանական բեմադրությանը

Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Խ. Մարտիրոսյանի առնչությունն ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ:

Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանամերձ գոտու բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Խ. Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ:

Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին:

 

***


Թուրքիան անհանգստացած է Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությամբ

Թուրքիայում անհանգստացած են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ« 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչող երկրների ավելացմամբ: Այս մասին հայտնում է Haberler.com-ը:

Կայքը գրում է, որ հնարավոր է, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև հայտնվի նաև Չեխիայի Հանրապետության օրակարգում: Այն անհանգստություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հնարավոր է, որ Ցեղասպանությունը ճանաչեն ևս մի քանի երկիր:

 

***


Կիևի Մայդանում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան վիրավորներ

Կիևի Մայդանում պայթուցիկ սարք է գործի դրվել, ինչի արդյունքում վիրավորվել է 2 ցուցարար, որոնցից մեկը ծանր վիճակով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Մայդանի ակտիվիստ Անատոլի Վեդմիդի խոսքով' պայթուցիկը նետվել է ցուցարարների ուղղությամբ՝ դեղի տուփերի տեսքով:

«Բժշկական առաջին օգնության պարագաների և դեղերի տոպրակում է եղել պայթուցիկ սարքը, որը նետվել է ակտիվիստների ուղղությամբ»,- ասել է Անատոլի Վեդմիդը:

Դեպքի առթիվ հարուցվել է հետաքննություն:

 

***


ԱՄՆ-ն նախազգուշացնում է Սոչի-2014-ին ատամի մածուկով թաքցված պայթուցիկի վտանգի մասին

ԱՄՆ-ն դեպի Ռուսաստան և Ռուսաստանից չվերթներ կատարող ավիաընկերություններին նախազգուշացրել է ինքնաթիռում ատամի մածուկի պարկուճներում թաքցված պայթուցիկ նյութերի կիրառման վտանգի մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ ասված է, որ նախազգուշացումը վերաբերում է ամերիկյան և միջազգային փոխադրողներին, որոնք թռիչքներ են կատարում Ռուսաստան Սոչիի Օլիմպիական խաղերի նախաշեմին: Ավիաուղևորների ուղեբեռում ատամի մածուկով պարկուճները կարող են պարունակել պայթուցիկ նյութեր:

Սոչիում, որտեղ փետրվարի 7-ին մեկնարկում են Օլիմպիական խաղերը, սահմանված են անվտանգության աննախադեպ միջոցներ: Չնայած ավելի վաղ հյուսիսկովկասցի զինյալների կողմից հնչած սպառնալիքներին' երկրի իշխանությունները հայտարարում են Խաղերի լիակատար անվտանգության մասին: