Համաշխարհային մամուլը գրում է, որ ԱՄՆ ՀԴԲ հարցման հիման վրա ուկրաինացի միլիարդատեր Դմիտրի Ֆիրտաշի ձերբակալությունը կարող է փոխել իրավիճակը հետխորհրդային տարածքում: Ֆիրտաշը ռուսական խոշոր բիզնեսմենների վերաբերյալ կարեւոր տեղեկատվության կրող է, այդ թվում՝ «գազովիկների ու կերոսինչիկների»: Այդ տեղեկատվությունն Արեւմուտքին կօգնի սառեցնել ռուս շատ չինովնիկների հաշիվները:
Հետաքրքիր է, որ Ֆիրտաշն այս ամսվա սկզբին դիմել էր ռուս օլիգարխներին, որպեսզի վերջիններս ՌԴ կառավարությանը համոզեն միջամտել Ուկրաինայի իրադարձություններին:
Ֆիրտաշի ձերբակալությունը նախազգուշացում է Պուտինին եւ հարված ամենացավոտ տեղին: Պուտինի իշխանությունը հիմնված է մի քանի տասնյակ օլիգարխների վրա, որոնց միջեւ բաժանվել է Ռուսաստանի ազգային բարիքը, եւ որոնց «տանիքն» անձամբ Պուտինն է: Այս շղթայի մի օղակի կտրվելը կարող է տապալել ողջ համակարգը:
Այսօր եվրոպական ԶԼՄ-ները հրապարակել են այն անձանց հավանական ցուցակը, որոնց դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել, նախեւառաջ՝ սառեցվել բանկային հաշիվները: Այս ցուցակում են ոչ միայն «գազովիկներն ու կերոսինչիկները», այլեւ Ռուսաստանի երկաթուղու ղեկավար Յակունինը: Այս օլիգարխներից յուրաքանչյուրը մի-մի ցարեր են, որոնք միավորված են Պուտինի տանիքի ներքո: Սակայն, եթե նրանց անձնական վտանգի սպառնալիք լինի, նրանք չեն լռի: Ինչ ասես արժեր նույն այդ Յակունինին «աշխատանքից ազատելու» վերաբերյալ պատմությունը:
Հատկանշական է, որ Ռուսաստանում պուտինյան օլիգարխական համակարգի ցնցումը տեղի է ունենում տեղեկատվական ոլորտում իսկական հեղափոխության ֆոնին: Lenta.ru պորտալը փակել են, եւ դա առաջացրել է վրդովմունքի մեծ ալիք:
Պուտինը կարող է կորցնել սոցիալական կարեւորագույն օղակների՝ լրագրողների ու բլոգերների աջակցությունը: Մինչ այժմ նրանք, հանուն փողի, կամ հոգու հանգստության համար, Պուտինի քաղաքականությունը ներկայացնում էին որպես պրո-պետական ու պրո-ռուսական: Եթե տեղեկատվության ոլորտի ներկայացուցիչները Պուտինի քաղաքականությունը զրկեն «պետական» գաղափարախոսությունից, դա կլինի Պուտինի միակ զենքի՝ քարոզչական հզոր ցանցի վերջը: