Չնայած Հայաստանում հարցվածների 86 տոկոսը տեղյակ է, որ երկրում իրականացվում են կենսաթոշակային բարեփոխումներ և ներդրվում է նոր կենսաթոշակային համակարգ' դրա առանձին բաղադրիչների վերաբերյալ իրազեկությունը ցածր է: Ինչպես պարզ է դարձել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի նախաձեռնությամբ իրականացված հարցումներից, բնակչության միայն 44 տոկոսն է իմացել, որ հունվարից երկրում ներդրվել է կենսաթոշակային նոր համակարգ։ Կենսաթոշակային բարեփոխումների նպատակների մասին հարցվածների պատկերացումները տարբեր են եղել. հարցվածների 26 տոկոսը պատասխանել է, որ չգիտի բարեփոխման նպատակների մասին, 14 տոկոսը տեղյակ չի եղել բարեփոխումների մասին, 39 տոկոս հարցվածները նշել են բացասական բնույթի նպատակներ, իսկ 18 տոկոսը՝ դրական։
Սոցիոլոգիական հարցումներից պարզ է դարձել, որ բնակչության ընդամենը 8 տոկոսը գիտի, որ պարտադիր կուտակային համակարգը գործելու է միայն 1974 թվականից հետո ծնվածների համար։ Իմիջիայլոց, 2010 թվականին անցկացված հարցումների ժամանակ այդ թիվը կազմել էր 6 տոկոս։ Պարտադիր կուտակային վճարի չափի մասին հարցին միայն 4 տոկոս անձինք են ճիշտ պատասխան տվել։ Հարցվածների 19 տոկոսը տեղեկացված է եղել միայն 5 տոկոս խնայումների մասին, իսկ 13 տոկոսը նշել է, որ տեղյակ է նաև այն մասին, որ պետությունը ևս իրենց հաշ վին փոխանցում է գումար՝ աշխատավարձի 5 տոկոսի չափով։
Այն հարցին, թե տեղյա՞կ են, արդյոք, որ անձանց կենսաթոշակային խնայողությունները անձի մահվան դեպքում ժառանգվում են, հարցվածների միայն 41 տոկոսն է դրական պատասխան տվել։
Հարցվածների միայն 8 տոկոսն է իմացել, որ իրենց խնայողությունները կառավարվելու են կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից։ 13 տոկոսը նշել է, որ իրենց խնայողությունները կառավարելու է պետությունը, 2 տոկոսը՝ Կենտրոնական բանկը, 4 տոկոսը՝ առևտրային բանկերը, 1 տոկոսը նշել է, որ խնայողությունները կառավարելու են իրենք։ Հարցվածների հիմնական մասը չեն իմացել բարեփոխումների մասին։
Սոցիոլոգիական հարցումներն իրականացվել են 2013թ. դեկտեմբերից 2014թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ԱՄ «Փարթնըրզ Քոնսալթինգ» ընկերության կողմից՝ Կենսաթոշակային և սոցիալական ծառայությունների, համակարգերի բարեփոխումների վերաբերյալ հանրային տեղեկացվածության և ընկալման մակարդակը և դրանց նկատմամբ վերաբերմունքը պարզելու համար:
Հարցմանը մասնակցել են 18-62 տարիքային խմբի 1200 անձ, որոնցից 469-ը' գյուղական, իսկ 731-ը' քաղաքային բնակավայրերից։ Անցկացված հարցումների հավաստիությունը կազմում է ավելի քան 95 տոկոս, իսկ սխալվելու շեմը՝ առավելագույնը 5 տոկոս։
Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: