Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հաագայի միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ զրուցել են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խոսեցին միմյանց հետ Հաագայում միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ: Արդյոք նրանք իսկապես հավատարիմ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղի գտնելու հանձնառությանը»,- նման հարցադրում է կատարել ԱՄՆ համանախագահը:

 

Հաագայում միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ' քննարկելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: