Թուրք-սիրիական սահմանին մայիսի 15-ին տեղի ունեցած ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 43 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել Հալեպի հյուսիսում գտնվող, Թուրքիային սահմանակից Բաբ աս Սալամ անցումի մոտ: Զոհերի թվում կանայք և երեխաներ կան:

 

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ ' տեղի ուենցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի: Պայթյունից հետո անցումը փակվել է: Վիրավորներից որոշների վիճակը չափազանց ծանր է, նրանցից մի քանիսը տեղափոխվել են թուրքական հիվանդանոցներ: Աղբյուրի տեղեկացմամբ' պայթյունը որոտացել է բազմաթիվ մեքենաների և ավտոբուսների մեջ:

 

Նախորդ ամիսների ընթացքում Բաբ աս Սալամ անցումը բազմիցս ենթարկվել է հարձակումների: Վերջին պայթյունն այստեղ որոտացել է փետրվարին, երբ զոհվել էր 6 մարդ և վիրավորվել 45-ը:

 

Ավելի վաղ՝ հունվարին, թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող մեկ այլ' Բաբ ալ Հաուա անցումի մերձակայքում տեղի ունեցած պայթյունից 16 մարդ էր զոհվել, վիրավորվել էին տասնյակ մարդիկ:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: