Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Ռուսաստանի հետ սահմանը փակելու՝ «Պետական սահմանների պաշտպանության մակարդակը բարձրացնելու միջոցների ընդունման մասին» որոշումը, որի օգտին քվեարկել է 261 պատգամավոր։ Այս մասին հայտնում է Обозреватель-ը։

 

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Գերագույն ռադան կառավարությանը հանձնարարել է մեկ ամսում որոշել, թե ռուս-ուկրաինական սահմանի որ անցակետերն է պետք բաց կամ փակ թողնել, ինչպես նաև հաստատել այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի հետ սահմանի ցամաքային հատվածի միակողմանի սահմանագծման համար»:

 

Կառավարությանը հանձնարարվել է նաև դադարեցնել Մերձդնեստրի Հանրապետության հետ սահմանին անցակետի աշխատանքները:

 

Այս որոշման քվեարկության ավարտին խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ այն պատգամավորների անունները, ովքեր դեմ են քվեարկել այս որոշմանը, կհրապարակվեն խորհրդարանի «Ուկրաինայի Ձայնը» պարբերականի էջերում։