«Mediamall.am»-ը ներկայացնում է օրվա կարևորագույն իրադարձությունները.


Ադրբեջանցին ինքնահրկիզվել է նախագահական նստավայրի առաջ

 

Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի մոտ Ադրբեջանի քաղաքացի է ինքնահրկիզվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Ադրբեջանական ոստիկանությունը շրջափակել է ինքնահրկիզվողին հարակից տարածքները: Քաղաքացու վրա բռնկված կրակը Ադրբեջանի փրկարար ծառայությունները կարողացել են հանգցնել: Այդուհանդերձ, դեռևս չեն հստակեցվում նրա' նման քայլի դիմելու դրդապատճառները:

 

***

 

Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել և շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Էրդողանը, լինելով ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահը, կկարողանա երկիրն առաջ տանել:

Կողմերը քննարկել են նաև Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:Նրանք խոսել են նաև Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին:

 

***

 

Մերկելը մտադիր է շարունակել Պուտինի հետ երկխոսությունն ուկրաինական ճգնաժամի շուրջը

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է շարունակել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն ուկրաինական ճգնաժամի լուծման շուրջը, չնայած Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, օգոստոսի 13-ին հաղորդել է Գերմանիայի Deutsche Welle մեդիաընկերությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես ջանում եմ այնպես անել, որ, չնայած պատժամիջոցներին, չկորչի զրույցի թելը Ռուսաստանի նախագահի հետ»,- օգոստոսի 13-ին հայտարարել Է Մերկելը գերմանական Sachsische Zeitung հրատարակությանը: Կանցլերը նաեւ ընդգծել Է, որ միշտ եղել Է կառուցողական համագործակցության կողմնակից եւ մտադիր Է շարունակել այսուհետեւ եւս հետեւել այս դիրքորոշմանը:

Դրա հետ մետեղ Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել Է, որ չի ընդունում Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ: «Պետության տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաեւ միակողմանի կարգով սահմանների փոփոխման անհնարինությունը եվրոպական գլխավոր համաձայնությունն Է»,- հայտարարել Է Մերկելը՝ նշելով, որ Ղրիմի միացումը ՌԴ-ին այդ սկզբունքի խախտում Է, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:

 

***

 

Իրաքում եզդիների նկատմամբ կատարվածը տեղավորվում է ցեղասպանական գործողության բնորոշման մեջ. Սուրեն Մանուկյան

 

Իրաքի հյուսիսում եզդիները սպանվում են կրոնական հողի վրա, իսկ ցանկացած խմբի կանխամտածված ոչնչացում կրոնական տարբերակիչով' ցեղասպանություն է: Սա ավելի շատ նման է, Դարֆուրի կամ Բոսնիայի դեպքերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտ նօրեն, արաբագետ Սուրեն Մանուկյանը:

«Եզդիներին կանխամտածված սպանում են հենց ուղղակիորեն նրանց կրոնական պատկանելության պատճառով, իսկ ստրկացնելը, ինչպես նաեւ հեռանալու պատճառով առաջացած ծանր պայմանները ֆիզիկական ոչնչացման են բերում: Հայոց ցեղասպանությունը պետական հանցագործություն էր, Իրաքի հյուսիսում տեղի ունեցածի դեպքում պետություն չկա: Հայերինը մշակված ծրագիր էր, եզդիների պարագայում անհայտ է' կա ծրագիր, թե սպոնտան ջարդ է», - ասաց Սուրեն Մանուկյանը:

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը հունիսի վերջին, Իրաքի եւ Սիրիայի մի հատվածի վրա հռչակեց Իսլամական խալիֆայության ստեղծման մասին: Այս կիսապետական կազմավորումն իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտարարեց շարիաթի օրենքների գերակայություն եւ ակտիվորեն սկսեց այն կյանքի կոչել:

«Թեեւ ԻԼԻՊ-ը հիմնական թշնամիներ է հայտարարել շիաներին, սակայն նրանց վերահսկողության տարածքում դաժան ճնշման են ենթակվում նաեւ քրիստոնյաները եւ եզդիները: Տասնյակ հազարավոր քրիստոնյաների փոխուստը ԻLԻՊ-ի կողմից զբաղեցված տարածքներից ուղեկցվում է եզդիների օրեցօր ահանգացող վիճակով: Իսլամականներն ընկալում են վերջիններիս իբրեւ հեթանոսների, ինչը մահվան արժանի հանցանք է Իսլամում», - նկատեց արաբագետը:

Նա նաև հավելեց, որ եզդիներին ստիպում են անվերապահորեն ընդունել իսլամ: Հրաժարվողներին ուղղակի սպանում են տեղում: Բավականին դժվար է ճշգրիտ եւ ամբողջական տեղեկություն ստանալ, սակայն կատարվածը լիովին տեղավորվում է ցեղասպանական գործողության բնորոշման մեջ:

 

***

 

Թուրքիան կրկին հայտարարել է Հայաստանի հետ սահմանը փակ պահելու մտադրության մասին

 

Թուրքիան պաշտոնական մակարդակով շարունակում է հայտարարել Հայաստանի հետ սահմանը բացելու մտադրության բացակայության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Գյուրջան Թյուրքօղլուն ադրբեջանական «ԱՊԱ» լրատվամիջոցին հայտնել է, որ խոսակցությունները սեպտեմբերին հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ անհիմն են:

«Այս տեղեկատվությունը որևէ հիմք չունի: Իգդիրից մինչև Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջանի սահմանային անցակետ տանող ճանապարհների ասֆալտապատումը կատարվում է ոչ թե սահմանի բացման, այլ այդ շրջանի բնակիչների հարմար տեղաշարժի համար»,- հայտարարել է Թյուրքօղլուն:

Հայաստանի անկախացումից հետո ՀՀ հետ սահմանը միակողմանիորեն փակած Թուրքիան շարունակում է պարբերաբար հիշեցնել, որ չի պատրաստվում բացել այն: Նմանօրինակ հայտարարություններ ժամանակ առ ժամանակ հնչեցվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից' երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրելով:

 

***

 

Նաիրա Զոհրաբյանը հայ գերու սպանության դեպքի հետ կապած նամակ է հղել ԵԽ մի խումբ պաշտոնյաների

 

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր' օգոստոսի 13-ին , պաշտոնական նամակ է հղել Եվրոպական Խորհրդարանի նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին' կապված օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած եւ հաջորդ օրն սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից, նամակ ում ասված է.

«Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին

ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին

ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին

Օգոստոսի 7-ին տեղանքում մոլորված եւ հայ-ադրբեջանական սահմանը պատահականորեն հատած Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 8-ին սպանվեց Ադրբեջանում: ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենաները, խախտելով միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, խախտելով Ժնեւյան կոնվենցիան, ողջ աշխարհին ներկայացրեցին վիդեոկադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն ու իր վայրագություններով հայտնի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը նվաստացնում հայ քաղաքացուն: Հենց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած վիդեոկադրերից հստակ երեւում է, որ Կարեն Պետրոսյանը, ով գերեվարվել էր օգոստոսի 7-ին, եղել է քաղաքացիական հագուստով, իսկ արդեն Ադրբեջանի հրամկազմի հարցաքննության ժամանակ նա զինվորական համազգեստով էր:

Ողջ այս թատերականացված շոուն, բնականաբար, արվել էր մեկ բանի համար, որպեսզի փորձ արվի տպավորություն ստեղծել, թե հայ երիտասարդը դիվերսանտ է: Սակայն, այդ անհեթեթությունը անմիջապես հերքեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալությունը, հեռարձակելով վիդեոռեպորտաժ սահմանային ադրբեջանական գյուղի բնակիչների հետ զրույցից, ուր նրանք փաստում են, որ երիտասարդը եղել է քաղաքացիական հագուստով, իրենցից թեյ է խնդրել, եւ չէր կարող դիվերսանտ լինել: Հայ քաղաքացուն նվաստացումների եւ կտտանքների ենթարկելուց հետո, ինչը ադրբեջանական զինուժը նկարահանում եւ ցուցադրում է իր քարոզչամեքենաներով, հաջորդ օրը' օգոստոսի 8-ին, ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Կարեն Պետրոսյանը մահացել է սիրտ-անոթային անբավարարվածությունից: Նշեմ, որ 31-ամյա երիտասարդը առողջական որեւէ խնդիր չի ունեցել, ուստի ակնհայտ է, որ նա տանջամահ է արվել ու սպանվել:

Ադրբեջանը ԵԽ անդամ երկիր է, որը այս ամիսներին նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում: Մի երկիր, որը վավերացրել է միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, այդ թվում' Ժնեւյան կոնվենցիան, որոնք ենթադրում են գերիների հանդեպ պատշաճ վերաբերմունք: Սակայն, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկիրը բացահայտորեն եւ լկտիաբար ոտնահարում է ցանկանած միջազգային իրավունք: Ակնհայտ է, որ Կարեն Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանություններն ու անձամբ նախագահ Ալիեւը, եւ եթե մենք ուզում ենք չկորցնել հավատն արդարության ու արդարադատության հանդեպ, այս անմարդկային դեպքի մեղավորները պետք է պատասխան տան:

Ես ակնկալում եմ Ձեր արձագանքն ու հստակ գնահատականը տեղի ունեցածին եւ ուզում եմ հուսալ, որ Եվրոպական խորհրդարանում, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում անպայմանորեն կքննարկվի տեղի ունեցածը, կարվեն համապատասխան եզրահանգումներ: ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանը պետք է պատասխան տա հայ քաղաքացու սպանության համար: Սա միանշանակ է:

Կից ուղարկում եմ նաեւ տեսասկավառակ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները նվաստացնում հայ քաղաքացուն, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալության ռեպորտաժը' Չինարի գյուղին սահմանակից ադրբեջանական գյուղից, ուր գերի էր ընկել Կարեն Պետրոսյանը»:

 

***

 

Ադրբեջանական բանակը ենթասպա է կորցրել

 

Այսօր առավոտյան Ապշերոնի շրջանի Նովխանը ավանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի ենթասպա Նիջաթ Բաբազադեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը:

Նշվում է, որ ավտոմեքենան, որը վարել է 25-ամյա Նիջաթ Բաբազադեն, մոտ ժամը 08:14-ին բախվել է մի այլ ավտոմեքենայի: Երիտասարդ ենթասպան տեղում մահացել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 87 զինծառայող, որոնցից 46-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 118 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ադրբեջանի պատկան մարմինները խոստովանել են տարվա սկզբից 70 զինծառայողների մահվան մասին, որոնցից 39-ը մահացել են ոչ մարտական գործողությունների պայմաններում:

 

***

 

Իրադրությունն առաջնագծում

 

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

***

 

Հրդեհ Արարատի մարզում

 

Օգոստոսի 13-ին, ժամը 01.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Դվին գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Խանջյան փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքին այրվում է պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.18-ին, մարվել՝ 02.58-ին: Այրվել է 250 հակ անասնակեր, և մեկ սյուն ջերմահարվել

 

***

 

«Կանեփ-կակաչ-2014» կանխարգելիչ միջոցառման շրջանակում առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 554.6 կգ կանեփի բույս

 

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 13-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 29 տոննա 640 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 26 կգ կակաչի կանաչ զանգված: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցն երի ապօրինի շրջանառության 32 դեպք: Տնամերձ 164 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 554.6 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:

Հարուցվել է 4 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է' մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

 

***

 

«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի

 

Օգոստոսի 12-ին, ժամը 04.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:

Կատարվում է քննություն:

 

***

 

Լևոն Հայրապետյանը վատ է զգացել դատական նիստի ժամանակ, նիստը հետաձգվել է

 

Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված հայ գործարար Լևոն Հայրապետյանն օգոստոսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանում ընթացող հերթական նիստի ժամանակ վատ է գացել, դատարանը նիստը հետաձգել է մինչև օգոստոսի 15-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով, «РИА Новости»-ն , դատական նիստին, որի ժամանակ քննվում էր Հայրապետյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքարկման դիմումը, Հայրապետյանը մասնակցել է բանտախցից' տեսակապի միջոցով: Իր ելույթում նա նշել է անօրինականության մասին, ապա ձեռքը տարել սրտին, և գանգատվել, որ վատ է զգում իրեն: «Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել բանտում, իսկ իրենք պատրաստ են եղել շարունակելու դատարավարությունը, սակայն դատարանը որոշել է հետաձգել այն մինչեւ ուրբաթ' օգոստոսի 15-ը»,- հայտնում է «РИА Новости »-ի թղթակիցը:

Պաշտպանական կողմի համաձայն' Հայրապետյանը տառապում է սրտային առիթմիայով և սրտանոթային անբավարարությամբ: Փաստաբանները խնդրում են նրան ազատ արձակել գրավի դիմաց: Լևոն Հայրապետյանին աջակցելու նպատակով դատարան են եկել հարյուրից ավելի մարդիկ' հարազատներ և ընկերներ: Նրանք, ովքեր չեն տեղավորվել դատարանի դահլիճում, նիստին հետևել են հեռարձակման միջոցով:

 

***

 

Սերժ Սարգսյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է Թուրքիայի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին' բարեկեցություն և առաջընթաց:

Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը' Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

 

***

 

Ցանկապատը Հեղինե Բիշարյանի և Հովիկ Մարգարյանի վրա նետելու արդյունքում' Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց

 

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Այսօր' ժամը 9:30-ի սահմաններում, Ագրարային համալսարանի Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի անմիջական հրամանով և պրոռեկտոր Պ. Էֆենդյանի, ֆակուլտետի դեկան Ն.Բազիկյանի, Ս.Մարգարյանի, ամբիոնի վարիչ Ա.Ամիրյանի, ամբիոնի դասախոս Ա. Հակոբյանի, ուսանողական խորհրդի նախագահի և այլ աշխատակիցների անմիջական ղեկավարությամբ և հրահանգով ԲՈՒՀ-ի աշխատակազմը նախապես ծրագրավորված խուլիգանական հարձակում են գործել «Օրինաց երկիր» կուսակցության վրա' ջարդելով և քանդելով ՕԵԿ-ին պատկանող տարածքի ցանկապատը և այլ շինություններ' կուսակցությանը պատճառելով նյութական վնաս:

Բացի այդ վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով հարձակումներ են գործել տարածքում գտնվող ՕԵԿ անդամ պատգամավորների և անդամների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածներ են հասցվել ՕԵԿ անդամ պատգամավորներին: Մասնավորապես, ցանկապատը ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովիկ Մարգարյանի վրա նետելու արդյունքում Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ինչի կապակցությամբ դիմել ենք իրավապահ մարմիններին:

Հարկ է նկատել, որ վերջին ժամանակահատվածում վերը թվարկված անձինք մամուլով պարբերաբար սպառնացել են քանդել ՕԵԿ-ին պատկանող շինությունները: Նույնաբովանդակ կոչեր ու սպառնալիքներ հնչել են այսօր և շարունակում են հնչել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2008թ. Հայաստանի պետական ագրարային համալսարանի խորհուրդը, ռեկտոր Արշալույս Թարվերդյանի գլխավորությամբ, ՕԵԿ-ին իր համաձայնությունն էր տվել համապատասխան տարածքում վարչական շենք կառուցելու, ինչի վերաբերյալ առկա է պաշտոնական փաստաթուղթ, և որը հիմք է հանդիսացել քաղաքապետարանի համապատասխան որոշում ստանալու, նոտարական վավերացմամբ պայմանագիր կնքելու, կադաստրի սեփականության վկայական և շինարարության համար այլ փաստաթղթեր ձեռք բերելու համար:

Ագրարային համալսարանի ղեկավարությունը վերը նշված փաստի վերաբերյալ պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական մասին և ուսանողությանը փաստացի տեղյակ չի պահել և վերջիններիս դրդում է հակաօրինական գործողությունների:

Այսօրվա խուլագանական գործողությունների արդյունքում Ագրարային համալսարանի կողմից ուժային միջոցներով քանդված ցանկապատը տվյալ վայրում առկա է եղել շուրջ 10 տարի, ինչի վերաբերյալ նույն Ագրարային համալսարանից երբևէ ոչ մի բողոք չի եղել:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ «Օրինաց երկիր» կուսակցության գործողություններն ունեն փաստաթղթային հիմք:

Եվ քանի որ ներկայումս ընթանում է դատական գործընթաց, ապա միայն դատարանն է իրավասու ընդունելու համապատասխան որոշումներ:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը անթույլատրելի և անօրինական է համարում նախադեպը չունեցող այս վայրագությունը և խստագույնս դատապարտում է Կառավարության և նրա ղեկավարի խուլ լռությամբ ուղեկցվող Ագրարային համալսարանի ռեկտորի և աշխատակազմի գործողությունները կուսակցության նկատմամբ: Կառավարության կողմից մինչ այժմ որևէ քայլ չձեռնարկելը ենթադրում է, որ ԲՈՒՀ-ի 70-ամյա ռեկտորը գործում է նույն կառավարության թողտվությամբ, ինչի մասին բարձրաձայնում են ԲՈՒՀ-ի ղեկավարները:

Քաղաքական խորհուրդը դիմում է ՀՀ Կառավարությանը, Ոստիկանությանը, Գլխավոր Դատախազությանը և այլ պատկան մարմիններին վերը նշված փաստի կապակցությամբ ձեռնարկել գործուն քայլեր' կանխելու ԲՈՒՀ-ի ռեկտորի, ղեկավարության կողմից իրականացվող այս ապօրինի գործողությունները, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ՕԵԿ-ի վրա խուլիգանական հարձակում գործած կազմակերպիչներին և անձանց:

Միջադեպով հետաքրքրված դիվանագիտական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին և լրագրողներին տեղեկացնում ենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը հետևողականորեն շարունակելու է իր իրավունքների համար մղվող պայքարը մինչև արդարության վերականգնումը: