Ըստ կանխատեսումների, այս տարի Արարատի մարզում կարտադրվի 340-342 հազար տոննա բանջարեղեն' նախորդ տարվա մակարդակը գերազանցելով 34-36 հազար տոննայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, բանջարեղենի ցանքատարածություններն այս տարի կազմել են 6539 հա: Նախորդ տարվա համեմատ ավելի է ցանվել 234 հա:
Կարտոֆիլի ցանքատարածությունները պահպանել են նախորդ տարվա մակարդակը' կազմելով 780 հա: Վարչության պետն ընդգծեց, որ այս տարի ՀՀ կառավարության տրամադրած ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերով հողատարածքները պարարտացնելուց հետո, սպասվում է կարտոֆիլի համեմատաբար առատ բերք: Կանխատեսվում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի կարտադրվի 25-26 հազար տոննա կարտոֆիլ' նախորդ տարվա մակարդակը գերազանցելով 1.5-2.5 հազար տոննայով:
Բանջարեղենի եւ պտղի վերամաշակման ձեռնարկությունները մարզի տարածքում չորսն են, որոնք կարողացել են մթերել հողօգտագործողների բերքը: Մարզի գյուղացիական տնտեսություններից 2013 թվականին բանջարեղենի բերք են մթերել նաեւ «Սպայկա» ՍՊԸ-ն եւ անհատ ձեռներեցներ: Այս տարի եւս կնքվել են պայմանագրեր վերամշակող ձեռնարկությունների հետ, որոնց եւ հողօգտագործողները հանձնում են իրենց արտադրանքը:
Արարատի մարզում առկա 25465 հա վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտարը: Նախորդ տարվա համեմատ ավելի է մշակվել 1456 հեկտար: 2013 թվականին մշակված վարելահողերը 21526 հա էին, 2012թվականին' 21146 հա:
Լիլիթ Մաճկալյան