Դամասկոսի Զաբլատանի թաղամասում սեպտեմբերի 2-ին հրասանդ է ընկել, ինչի հետևանքով 8 մարդ է վիրավորվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդն ընկել է Հալ շուկայի մոտ: Մարդկային վնասներից բացի նյութական վնասներ են կրե լմոտակայքում կայանված մեքենաները:

 

Սեպտեմբերի 1-ին հրասանդներ էին ընկել Դամասկոսի Տաբալա և Աբասիին թաղամասերում և Ռազի հիվանդանոցի մոտ՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ:

 

Սիրիական օդուժն ավելի քան 25 հարված է հասցրել Դամասկոսի Ջոբար թաղամասում զինյալների հենակետերին: Սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով Դեր Զորում սպանվել է ԻԼԻՊ խմբավորման ղեկավարներից Աբու Դաջանա ալ Կազբիրին:

 

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, ԻԼԻՊ խմբավորման տասնյակ անդամներ են ոչնչացվել Հոմսի Ում ալ Թին գյուղում: Տասնյակ զինյալներ վիրավորվել են: ԻԼԻՊ-ի և սիրիական բանակի միջև բախումները շարունակվում են Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում:

 

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: