Անտառային սաստիկ հրդեհ է մոլեգնում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում Պոլլոկ-Փայնս քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է Սակրամենտոյից մետավորապես 100 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական իշխանություններին, կրակն արդեն գրեթե 30 հազար հեկտար անտառ է ճարակել, տարհանվել է ավելի քան 2,8 հազար մարդ:

 

Հրդեհն սկսել էր դեռ անցած հանգստյան օրերին, սակայն այժմ հաջողվել է այն մեկուսացնել միայն 5 տոկոս տարածքում: Կրակի դեմ պայքարում է շուրջ 3,6 հազար մարդ: Հրդեհի տարածմանը նպաստում են ուժեղ քամին, տապը, ինչպես նաեւ երաշտը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հաստատվել է նահանգում: Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, անտառի միտումնավոր հրկիզման կասկածանքով ձերբակալվել է 37-ամյա տեղի բնակիչ Ուեյն Հանթսմենը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: