Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում օրերս տեղի է ունեցել «Եղելություններ և պատմություններ» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպել են Վիեննայում ՀՀ դեսպանությունը, միջմշակութային համագործակցության խթանման հարցերով զբաղվող Ավստրիայի վարչապետարանի կազմում գործող «Kultur Kontakt Austria» գործակալությունը, Ա վստրիայի արդյունաբերական պալատը, Ավստրո-ռումինական ընկերությունը' համագործակցելով ավստրիական «Paul Zsolnay» հրատարակչության և «Orlando» գրախանութի հետ:

 

Միջոցառմանը ներկաների առջև ողջույնի խոսքով է հանդես եկել Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Ցուցադրվել է ռումինացի երիտասարդ արվեստագետ Դանիել Ջամոյի' Սողոմոն Թեհլերյանին նվիրված 8 րոպեանոց շարժանկարը: Ընթերցվել են հատվածներ ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի գերմաներեն երկրորդ տպագրությամբ ընթերցողին ներկայացվող «Շշուկների մատյանը» գրքից՝ ռումիներեն, հայերեն և գերմաներեն լեզուներով:

 

Այնուհետև տեղի է ունեցել արվեստում և գրականության մեջ Հայոց ցեղասպանության թեմային նվիրված քննարկում՝ Դանիել Ջամոյի, Վարուժան Ոսկանյանի և Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ժասմին Դում Թրագուտի մասնակցությամբ:

 

Միջոցառման վերջում տեղի է ունեցել ընդունելություն: