Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե ոչ իշխանական եռյակը երկրում իշխանափոխության գործընթաց է սկսել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով դիտարկմանը, թե եռյակն իշխանափոխության գործընթաց է սկսել, Գալուստ Սահակյանը նշեց, որ երեք քաղաքական ուժերը տարբեր մեկնաբանություններ և սկզբունքներ ունեն քաղաքական դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Իմ կարծիքով՝ երկրում իշխանափոխության ոչ մի գործընթաց էլ չի սկսվել, քանի որ երեք քաղաքական ուժերը տարբեր մեկնաբանություններ և սկզբունքներ ունեն քաղաքական կյանքի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:
Դիտարկմանը, թե եռյակի վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքներից մեկն էր, Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը ողջունում է դա, բայց ոչ թե նրա համար, որ ամենաբազմամարդն է: «ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքին ներկա էր 5-6 հազար մարդ, բայց հայտարարեցին, թե 50 հազար մարդ է մասնակցել: Այնպես որ, եթե սա 15-20 հազար են հայտարարում, դա ամենաբազմամարդը չի լինում»,- հեգնեց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը, սակայն, դրական կողմեր է արձանագրել այդ հանրահավաքում: Նա ընդգծեց, որ հասարակության մեջ խնդիրներ կան, որոնց պատճառով մարդիկ հավաքվում են հրապարակում, իսկ ամենադրական կողմն այն է, որ իշխանությունները որևէ կերպ չեն խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե եթե ժողովուրդը պահանջի, որ ինքն առաջադրվի որպես նախագահի թեկնածու, կգնա այդ քայլին: Նա հեգնել է, թե «բոլորը տոգորված են, որ նա ինչ-որ բան դառնա՝ նախագահ, վարչապետ կամ նախարար»: