Ամեն օր մարդկանց գլխատելու եւ պատանդ առնված զինվորներին սպանելու տեսանյութեր հրապարակող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումն այս անգամ էլ հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ արեւմտյան պետություններին թիրախ դարցրած տեսանյութ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, մինչ այժմ հայտնի ահաբեկչական կազմակերպություններից ամենարյունռուշտը' ԻԼԻՊ-ը համացանցում տարածած տեսանյութում, դիմելով Էրդողանին, հայտարարում է. «Քո խալիֆայությունն ավարտվել է»:
2.38 րոպե տեւողությամբ տեսանյութում ԻԼԻՊ-ը հայտարարում է, որ Թուրքիան կարեւոր դեր է ունեցել Աֆղանստանում մահմեդականների դեմ արեւմտյան պետությունների կողմից սկսված գործողություններում:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին հրապարակված տեսանյութում ասվում է. «Թուրքիան մահմեդականների դեմ գործող ՆԱՏՕ-ի ուժերի հրամատարն է եղել: Այսօր էլ գործում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված սատանայական կոալիցիայի հետ»:
Տեսանյութում «Մահմեդական եղբայրների խալիֆ Էրդողանին…» վերտառությամբ ուղերձում ասվում է, որ Թուրքիան իրենց առաջ բացվելու է Ալլահին ուղղված աղոթքներով: Ուղերձում իսլամիստ ահաբեկիչները համոզմունք են հայտնում, որ «իրենց ոչ ոք չի կարող խանգարել գրավել Թուրքիան», քանի որ «Ալլահի ուժը սատանա կոալիցիայից ավելի ուժեղ է»: