ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

 

«Խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն խորը ցավը, որ կրկին վերապրեցի այսօր փոքրիկ Սերյոժայի մահվան գույժը լսելուն պես: Խորին ցավակցություն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին եւ իրենց հետ միասին կիսում այս ծանր վիշտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

 

Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռ ուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

 

Հունվարի 19-ին մեկ շաբաթ կյանքի եւ մահվան պայքար տալուց հետո ժամը 17:02-ին մահացել է նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: