Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝ մարտի 2-ից մինչեւ մարտի 10-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 3-ին, 8-ին, 9-ին եւ 10-ին հավաքները կկայանան ժամը 15:00-ից 19:00, իսկ մարտի 4-ին, 5-ին, 6-ին եւ 7-ին՝ ժամը 16:00-ից 19:00:
Նշենք, Երեւանի քաղաքապետարանը նաեւ ի գիտություն է ընդունել մարտի 1-ին ժամը 17.00-ից մինչեւ 19.45 Մյասնիկյանի հուշարձանի մոտ զանգվածային միջոցառման անցկացումը՝ նվիրված Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հնգամյա տարելիցին, երբ իշխանություն-ընդդիմություն դիմակայության ընթացքում ութ ցուցարար եւ Ներքին զորքերի երկու զինծառայող էին զոհվել: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել նաեւ փետրվարի 28-ին ժամը 15:00-ից մինչեւ 19:00 եւ մարտի 2-ի ժամը 10.00-ից մինչեւ 21.00-ն հավաքներ անցկացնելու վերաբերյալ իրազեկումները: